211652_close_icon
views-count2630 դիտում article-date 19:44 04-10-2017

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է մի խումբ բրազիլացի լրագրողների. ներկայացվել է աշխարհի 118 երկրներում ձևավորված հայ համայնքների հետ տարվող աշխատանքը

Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց մի խումբ բրազիլացի լրագրողների՝ Վագներ Կալդեիյրաին, Ռիկարդո Կարվալոին, Ջուլիանա Ալբուքրեքին և Տատիան Բոֆֆին: Ջերմորեն ողջունելով հյուրերին՝ նախարարը շնորհակալություն հայտնեց 2015 թվականին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները լուսաբանելու նպատակով Հայաստան այցելելու և Բրազիլիայում պատշաճ ներկայացնելու համար: Սփյուռքի նախարարը բարձր գնահատեց Բրազիլիայի կառավարության բարեհաճ վերաբերմունքը հայ համայնքի նկատմամբ: Նա իր երախտագիտությունը հայտնեց այն հնարավորությունների համար, որ ընձեռվել է հայերին՝ ինտեգրվելու, կայանալու, մասնակցելու Բրազիլիայի զարգացման գործընթացին, ստեղծելու հայկական կառույցներ ու կազմակերպություններ: Վագներ Կալդեիյրան շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, նշեց, որ երկրորդ անգամ Հայաստան են այցելել բրազիլահայ նշանավոր գործարարների՝ Բուրմայան ընտանիքի մասին գիրք գրելու նպատակով: «2015թ. մեր այցելությունը, կարծում եմ արդյունավետ եղավ, մենք մեր փոքրիկ լուման փորձեցինք ներդնել Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման և հետևանքների վերացման գործում՝ օբյեկտիվ տեղեկատվություն տարածելով»,- նշեց բրազիլացի լրագրողը: Նրանք հետաքրքրվեցին Սփյուռքի նախարարության գործունեությամբ իրականացվող ծրագրերով, այն մեթոդներով ուղիներով, որոնց շնորհիվ հնարավոր է դառնում զարգացնել Հայաստան-Սփյուռք գործակցույթւոնը: Նախարարը ներկայացրեց աշխարհի 118 երկրներում ձևավորված հայ համայնքների հետ տարվող աշխատանքը, նշեց, որ միգրացիոն գործընթացները ալեկոծում են երկիր մոլորակը, որի բնակչության յուրաքանչյուր 34-րդը միգրանտ է 70 միլիոն մարդ Եվրոպայում և 86 միլիոն՝ Ամերիկայում չի ապրում իր հայրենիքում, նշեց որ հայկական Սփյուռքը հիմնականում ձևավորվել է ցեղասպանությունից հետո: Վերջին տարիներին արտահոսքը մերձավոր Արևելքի երկրներից և Հայաստանից՝ նոր արյուն են հաղորդել ուծացման եզրին կանգնած համայնքներին, Նախարարը անդրադարձավ Հայաստան-Սփյուռք գործակցության ռազմավարական ուղղություններին: Կարևորեց Սփյուռքում հայապահպանությանն ուղղված աշխատանքները, մասնավորապես նախարարության կողմից սփյուռքահայ երիտասարդների հայրենաճանաչությանը, հայ մշակույթին հաղորդակցվելուն ուղղված ծրագրերն ու նախաձեռնությունները: Նշեց, որ աշխարհում գործում են 600-ից ավել մշակութային կենտրոններ, հարյուրավոր երգի, պարի, թատերական խմբակներ, երիտասարդական կառույցներ: Հրանուշ Հակոբյանը ներկայացրեց այն համահայկական խնդիրները, որոնց շուրջ համախմբվում է հայ ժողովուրդը, անդրադարձավ ժողովրդական դիվանագիտությանը և համաշխարհային քաղաքակրթության մեջ ներդրում ունեցող ազդեցիկ հայերին և նրանց ազգանվեր գործունեությանը: Կողմերն անդրադարձան Բրազիլիայի հայ համայնքի խնդիրներին ու ձեռքբերումներին: Նրանք կարևորեցին Բուրմայան ընտանիքի դերակատարությունը համայնքի կազմակերպման, հայապահպանության և խնդիրների լուծման գործում: Նախարարը Բարձր գնահատեց Բրազիլիայում ՀՀ պատվո հյուպատոս Հիլդա-Տիրուհի Բուրմայանի և նրա հանգուցյալ ամուսնու՝ Վարուժան Բուրմայանի՝ հայրենիքի զարգացմանը նպաստելուն, հայ բրազիլական հարաբերությունների ամրապնդմանն ու բրազիլահայության համախմբմանը ուղղված ջանքերը, իրականացրած ծրագրերը: «Պատահական չէ, որ Հիլդա-Տիրուհի Բուրմայանը պարգևատրվել է Մովսես խարենացի մեդալով և Սփյուռքի նախարարության Ոսկե հուշամեդալով,- նշեց Սփյուռքի նախարարը և հավելեց,- ես երեք անգամ եմ եղել Բրազիլիայում և չափազանց տպավորված եմ, դուք հայերի նման զգացմունքային եք, տաքարյուն, ինձ գրավեց ձեր ճարտարապետությունը, երաժշտությունն ու պարը, բազմամշակութային յուրահատուկ մթնոլորտը: Հպարտ եմ, որ Սան Պաուլոյի համայնքը համախմբված է Բուրմայան ընտանիքի շուրջը և նա մեծ նվիրվածությամբ է լուծում համայնքի խնդիրները: Այդ հրաշալի ընտանիքը մեր հենման կետն է Բրազիլիայում, իսկ Վարուժան Բուրմայանը բարեսիրության լեգենդ է դարձել: Կարծում եմ նրանց կերտած ազգանվեր պատմությունն արժանի է վավերագրման և հուսով եմ շուտով մեր սեղանին կլինի ձեր նախաձեռնած գիքը»: Վերջում Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը տեսաուղերձով դիմեց Բրազիլիայի հայ համայնքին:

Նմանատիպ նյութեր