211652_close_icon
views-count3134 դիտում article-date 16:05 01-09-2017

Կրթությունը ամենահզոր զենքն է, որը կարող ենք օգտագործել ապագան ավելի լավը դարձնելու համար. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Այսօր սկսվում է սպասումներով լի ուսումնական տարին, գիտելիքներով հարստանալու ու նոր արժեքներ ճանաչելու կարևոր մի շրջափուլ: Գիտելիքի և կրթության ձգտումը հայի ազգային բնավորության բաղկացուցիչն է, երկրի զարգացման ու հզորացման կարևորագույն գրավականը: Բանիմաց ու բարեխիղճ մասնագետը յուրաքանչյուր պետության հարստությունն է և առհասարակ պետության վաղվա օրը երաշխավորված է, եթե հասարակությունը կրթված է: ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի աշակերտներին բարի երթ մաղթեցին հերոս Ռոբերտ Աբաջյանի տատիկը՝ Անահիտ Գևորգյանը, ով տարիներ շարունակ կրթված սերունդներ է ճանապարհում դեպի կյանք և ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը: Դպրոցի շեմն առաջին անգամ ոտք դնողներին` նրանք մաղթեցին բարձր առաջադիմություն, իսկ մանկավարժներին, ում վստահված է սերունդների կրթության և դաստիարակության դժվարին գործը, հաջողություններ իրենց անչափ շնորհակալ աշխատանքում: «Հերացի» ավագ դպրոցում քիմիայի առաջին դասը վարեց պրոֆեսոր Արմեն Մուրադյանը: Այսօր մարդաշատ էին նաև ԵՊԲՀ-ի բոլոր մասնաշենքերը: Ընդհանուր բժշկության, Ստոմատոլոգիական և Դեղագիտական ֆակուլտետների առաջին կուրսի ուսանողներին ձևավորված ավանդույթի համաձայն դիմավորեց համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը և ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը: Ֆակուլտետների դեկաններն առաջին կուրսեցիներին ներկայացրին ուսումնական գործընթացին վերաբերող մանրամասները: ԵՊԲՀ ռեկտորը՝ դիմելով ապագա բժիշկների նոր սերնդին ընդգծեց, որ այսօրվանից իրենք պատասխանատվություն են կրելու ոչ միայն իրենց հեռանկարների, այլև մարդկանց առողջության համար: Բժշկական համալսարանը 100 տարվա պատմություն ունեցող մի կրթական հաստատություն է, որն արդեն գրեթե մեկ դար ապահովում է մեր ժողովրդի առողջությունը: «Իհարկե, բժշկին հիշում են այն պահին, երբ խնդիր կա, սակայն առողջապահության հիմքում բնակչության առողջության պահպանումն է»,- ասաց ռեկտորը՝ հավելելով, որ բուհի ամենամեծ հպարտությունը Հայաստանում և աշխարհի տարբեր անկյուններում հաջողությամբ մասնագիտական գործունեություն իրականացնող շրջանավարտներն են: Նա կոչ արեց ապագա բժիշկներին ակտիվ մասնակիցը դառնալ պատմությունը կերտելու գործընթացին և արժանի լինել ԵՊԲՀ ուսանողի և հետագայում բժշկի բարձր կոչմանը: Արմեն Մուրադյանն ընդգծեց նաև, որ բոլոր ժամանակներում սպիտակ խալաթը յուրաքանչյուր բժշկի համար ամենացանկալի հագուստը պետք է լինի: Նա բոլոր աշակերտներին, ուսանողներին, ուսուցիչներին, ծնողներին խաղաղություն, նորանոր հաջողությունների ու հաղթանակների բերկրանք մաղթեց։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր