211652_close_icon
views-count4046 դիտում article-date 19:24 31-08-2017

ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի, գրի և դպրության օրվա կապակցությամբ

Հարգելի՛ ուսուցիչներ, դասախոսնե՛ր, Սիրելի՛ դպրոցականներ, ուսանողնե՛ր. Շնորհավորում եմ ձեզ սեպտեմբերմեկյան տոնի` Գիտելիքի, գրի եւ դպրության օրվա կապակցությամբ։ Ցանկանում եմ ձեզ հետաքրքիր ու բեղմնավոր ուսումնական տարի: Առանձնահատուկ շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր հաճախում են առաջին դասարան, ում համար դպրոցի զանգը հնչում է առաջին անգամ: Սիրելի՛ դպրոցականներ. Այսօրվա կապույտ երկինքն ու խաղաղությունը, անկախ եւ ազատ ապրելու ձեր իրավունքը ձեռք են բերվել ձեր հայրերի, պապերի, մերձավորների կյանքի ու արյան գնով, հերոսության ու խիզախության շնորհիվ: Եվ դուք այսօր պետք է տեր կանգնեք մեր հայրենիքին` լավ սովորելով ու սերտելով հայրենասիրության դասերը: Դուք մեր երկրի ապագան եք, իսկ ապագայի ամուր հիմքերը դրվում են դպրոցում, որտեղից սկսվում է սեփական երկրի պատմության ու մշակույթի յուրացման ճանապարհը: Բարի երթ ձեզ դեպի դպրոց, սիրելի՛ երեխաներ: Հարգելի՛ ծնողներ, ձեր զավակներին մասնագիտական բարձրագույն կրթություն տալու երազանքի դուռն այսօր բաց է, մաղթում եմ ձեր զավակներին ուսումնատենչ ոգի եւ աշխատասիրություն: Թող նրանք խորը եւ հիմնավոր յուրացնելով տարբեր գիտություններ՝ հարստացնեն ու հզորացնեն մեր երկիրը: Բարի գալուստ եւ հաջողություն առաջին կուրսեցիներին, որ ուսման մեջ արդարացնեն իրենց ծնողների ու հարազատների հույսն ու ուրախությունը: Առանձնահատուկ շնորհավորանքներս Արցախյան պատերազմի զոհերի, նաեւ՝ ապրիլյան պատերազմի զոհերի, մեր բոլոր հերոսների զավակներին, թոռներին: Մաղթում եմ ողջ հայ ժողովրդին, որ անկախության սերունդը լինի ավելի կիրթ, գիտուն, հայրենասեր: Լինել մարդ, հայրենասեր, մասնագետ՝ ահա այն երեք հենասյուները, որոնց վրա կարող է ամուր կանգնել մեր պետականությունը: Դեռ 1989-ից բազում ուսուցիչներ, դասախոսներ, ուսանողներ եւ նույնիսկ՝ աշակերտներ ոչ միայն գրչով ու խոսքով, ոչ միայն գիտելիքով, այլեւ՝ անմիջականորեն զենքը ձեռքին կռվել են պատերազմական առաջնագծում: Եվ եթե գրիչից անցել ենք զենքի, ցանկացած պահի պետք է կարողանանք նաեւ վերադառնալ գրիչին, գրքին, գիտելիքին, քանզի 21-րդ դարում գիտելիքով են հաղթում ազգերը, ժողովուրդները: Հարգարժա՛ն ուսուցիչներ, Սպարապետ Վազգեն Սարգսյանն ասում է, որ երեխան դեռ դպրոցից պետք է իմանա, թե ինքն ով է, թե որտեղից է գալիս հայ ազգը, ինչ առաքելություն ունի, դեպի ուր է գնում: Այս պատգամը տեղ հասցնելու խնդրում դուք լուրջ դերակատարում ունեք: Նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ լուրջ անելիք ունենք նաեւ երկրապահ կամավորականներս: Մեր պարտականությունն է, գործընկեր կառույցների հետ միասնաբար, պատվով, մակարդակով կազմակերպել պատանի երկրապահ կամավորականների հրամանատարասերժանտական դասընթացների հերթական փուլը: Երկրապահը պատասխանատու է վաղվա հզոր Հայաստանի, բարեկեցիկ, պաշտպանված Արցախի համար: Մենք պարտավոր ենք ակտիվորեն մասնակցել վաղվա Հայաստանի լիարժեք քաղաքացիների թրծման գործընթացին: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Հայաստանի, Արցախի, Սփյուռքի բոլոր ուսուցիչներին, մանկավարժներին, դասախոսներին, աշակերտներին, ուսանողներին եւ նրանց ծնողներին՝ մաղթելով նորանոր հաջողություններ: [b]ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյան[/b]

Նմանատիպ նյութեր