211652_close_icon
views-count3891 դիտում article-date 15:35 31-08-2017

Քննվելու է դատարանների աշխատանքներն արագացնելու խնդիրը

Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ դատական գործերի բաշխման ընթացակարգերի արդյունավետության բարձրացման և դատական գործերի քննության տևողության կրճատման հարցերին: «Դատական գործերի քննության տևողության խնդրին մեր կողմից անդրադարձ էր կատարվել դեռևս սույն թվականի հունիսի 29-ին և տրվել հանձնարարական դատարանների բեռնաթափմանն ուղղված լուծումներ ներկայացնելու վերաբերյալ: Արդարադատության նախարարը տեղեկացրել է այդ նպատակով համապատասխան օրենսդրական փոփոխությունների մշակման ընթացքի մասին՝ հայտնելով նաև, որ դրանք սահմանված ժամկետներում կներկայացվեն Կառավարություն»,- ասաց նա: Վարչապետը նշեց, որ միաժամանակ դատական գործերի քննության հետաձգումների կապակցությամբ ձևավորված իրավակիրառ պրակտիկայի, ինչպես նաև դատավորների միջև գործերի բաշխվածության առկա վիճակի ուսումնասիրությունների արդյունքում վեր են հանվել օրենսդրական և գործնական որոշ խնդիրներ: «Մասնավորապես, մի կողմից, դատական գործերի բաշխման գործող կարգավորումները թույլ են տալիս միևնույն դատարանի տարբեր դատավորներին ծանրաբեռնել բավականին անհամաչափ, իսկ, մյուս կողմից, դատական գործերի քննության հետաձգումները տեղի են ունենում դատական լայն հայեցողության տիրույթում՝ շատ դեպքերում չունենալով հստակ անհրաժեշտ պատճառաբանում»,- ասաց նա: Ելնելով վերոնշյալից վարչապետն Արդարադատության նախարարին հանձնարարեց՝ 2- ամսյա ժամկետում՝ ուսումնասիրել և Կառավարության աշխատակազմ ներկայացնել դատական նիստերի հետաձգումների պատճառաբանման ապահովման, դատավորների միջև դատական գործերի բաշխման ընթացակարգերի հայեցողության սահմանափակման և արդյունավետության բարձրացման, ինչպես նաև որոշակի գումարային շեմը գերազանցող քաղաքացիական գործերի լուծումը սեղմ ժամկետում ապահովող գործիքակազմի ներդրմանն ուղղված առաջարկություններ:

Նմանատիպ նյութեր