Գեղարքունիքի մարզպետը մասնակցել է Լճաշեն համայնքի մարզադպրոցի բացման արարողությանը . ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Այսօր՝ օգոստոսի 30-ին, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն աշխատանքային այցով եղել է Լճաշեն համայնքում։ Այցի ընթացքում մարզպետը մասնակցել է Լճաշենի մարզադպրոցի բացման արարողությանը, որը կառուցվել է Լճաշենի համայնքային բյուջեի, լճաշենցիների և ֆրանսիական երիտասարդական հասարակական կազմակերպություններից մեկի տրամադրած միջոցների հաշվին։
Լճաշենի համայնքի ղեկավար Կորյուն Մարգարյանը նշել է, որ մարզադպրոցում գործելու են վոլեյբոլի, բասկետբոլի, կարատեի, սամբոյի և այլ մարզաձևերի խմբակներ, նախատեսվում է ունենալ նաև ֆիթնես կենտրոն։
Ըստ նախնական հաշվարկների՝ մարզադպրոցը ունենալու է շուրջ 150 սան։ Մարզադպրոցը համայնքից կունենա նաև այլ այցելուներ, որոնք, ըստ համայնքի ղեկավարի, զգալի թիվ կկազմեն։
Մարզպետ Կ. Բոթոյանն իր խոսքում նշել է, որ տպավորված է համայնքում կատարված աշխատանքների ծավալով և հավելել, որ համայնքի մանկապարտեզի վերանորոգման և ընթացքի մեջ գտնվող մի շարք ծրագրեր կյանքի կոչելուց հետո Լճաշենն ավելի լուրջ հայտ կներկայացնի և կդասվի մարզի ամենաարագ զարգացող համայնքների թվին։
Նա նշել է նաև, որ Լճաշենը պետք է օրինակ ծառայի այլ համայքների համար, քանզի այստեղ շատ արդյունավետ են օգտագործում տեղական ռեսուրսները՝ գրանցելով լուրջ արդյունքներ։
Այցի ընթացքում Կ. Բոթոյանը համայնքի ղեկավարի հետ քննարկել է Լճաշենի զարգացմանն ուղղված այլ հարցեր ևս։