211652_close_icon
views-count10076 դիտում article-date 15:49 24-08-2017

Պետպատվերի շրջանակում կիրականացվեն կատարակտի լրացուցիչ վիրահատություններ

Գործադիրը հավանություն է տվել Կուրությունը կանխարգելելու նպատակով բնակչության առանձին խմբերին իրականացվող կատարակտի վիրահատությունների 2017-2018 թթ. միջոցառումների ծրագրին: Արդյունքում պետպատվերի շրջանակում կիրականացվի լրացուցիչ շուրջ 3000 վիրահատություն: Ծրագրով նախատեսվում է կատարակտի վիրահատության (ներառյալ ոսպնյակի արժեքը) ծառայություն մատուցել 60 տարեկան և ավելի բարձր տարիքի նախատեսված շահառուներին, տվյալ ոլորտում մասնագիտական գործունեության առնվազն 2 տարվա աշխատանքային ստաժի առկայության դեպքում: Շահառուների շրջանակը սահմանելիս հաշվի է առնվել, մասնավորապես, այն հանգամանքը, որ կատարակտը համարվում է տարիքային հիվանդություն և, ըստ ԱՀԿ տվյալների, հիվանդների շուրջ 82 տոկոսը պատկանում է հենց այս տարիքային խմբին: Շահառուների խմբում ընդգրկվել են նաև մանկավարժական աշխատողներ, ուսուցիչներ, բուժաշխատողներ, մշակույթի ոլորտի աշխատակիցներ, ովքեր չեն հանդիսանում սոցիալական փաթեթի շահառու: Վիճակագրական տվյալների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ կատարակտը մեծ տեսակարար կշիռ է կազմում նախկինում մանկավարժական գործունեություն իրականացրած, մշակույթի, առողջապահական ոլորտների աշխատակիցների մոտ: Ցանկում ներառվել են նաև ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված «0» միավորից մինչև 30.00-ը ներառյալ, անապահովության միավոր ունեցող ընտանիքների անդամներ, ովքեր չունեն անհրաժեշտ բժշկական օգնությունից օգտվելու արտոնություններ: Այս անձինք ևս ծրագրի շնորհիվ հնարավորություն կունենան խուսափելու կուրությունից: Շահառուի բժշկական օգնության ու սպասարկման ուղեգրումն իրականացվելու է տվյալ շահառուին սպասարկող առողջության առաջնային պահպանում իրականացնող բժշկական կազմակերպության կամ մշտական գործող հանձնաժողովների կողմից, իսկ կատարակտի վիրահատության ուղեգիր տրամադրվելու է տեղամասային ակնաբույժի կողմից զննման և համապատասխան բժշկական ցուցման առկայության դեպքում: ՀՀ-ում բժշկական օգնության, սպասարկման ընթացքում փաստաթղթաշրջանառությունը պարզեցնելու և էլեկտրոնային առողջապահական համակարգի աստիճանական ներդրումն ապահովելու նպատակով գործադիրը լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Ներկայումս բժշկական հաստատություններում թղթային տարբերակով լրացվում են լիցենզավորող մարմնի սահմանած բժշկական օգնության և սպասարկման իրականացման վերաբերյալ մի շարք տվյալներ: Որոշման նպատակն է սահմանել էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրմանն ուղղված դրույթներ հանրապետությունում դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման լիցենզավորման կարգերում` ապահովելով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելիս ավելի արագ և պարզ ընթացակարգ: Առողջապահության ոլորտին վերաբերող մեկ այլ որոշմամբ էլ նախատեսվում է ծրագրերից տնտեսված միջոցներն ուղղել հեմոդիալիզի ծառայությունների իրականացմանը, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պահպանման համար «Կապի ծառայություններ» տնտեսագիտական հոդվածով հատկացված միջոցների արդյունավետ օգտագործմանը: Կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում, ըստ որի ակնկալվում է ունենալ հաստատված մեկ փաստաթուղթ` հանրային ծառայության պաշտոնի նշանակվելու դեպքում լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկ:

Նմանատիպ նյութեր