211652_close_icon
views-count10480 դիտում article-date 09:46 22-08-2017

Իսկ Հայաստանը համաձայնություն տվե՞լ է Թուրքիային ԵՏՄ հրավիրելու հարցում. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհայթ Զեյբեկչին անցած ուրբաթ հայտարարեց, որ Թուրքիան մտադիր է մաքսային համաձայնագիր կնքել ԵՏՄ-ի հետ: «Ունենք առաջարկ, որպեսզի Թուրքիան բանակցություններ սկսի ԵՏՄ-ի հետ մաքսային համաձայնագրի ստորագրման մասին՝ չխախտելով ԵՄ-ի հետ համապատասխան համաձայնագիրը։ Թուրքիան ցանկանում է ԵՏՄ-ի հետ հաստատել նաև այլ համագործակցություն»,- ասաց նա։ Ներկայում վերլուծաբանները փորձում են հասկանալ Հայաստանի հնարավոր դիրքորոշումը Թուրքիայից հնչած այս հայտարարության վերաբերյալ: Նաև ուսումնասիրում են, թե ինչ կարող է շահել Հայաստանը այդ գործընթացից: Առաջին հերթին, բնականաբար, նշվում է, որ ԵՏՄ-ի հետ ցանկացած համաձայնագիր կնքելու դեպքում Թուրքիան պետք է բացի այդ միության հետ իր միակ ցամաքային՝ հայ-թուրքական սահմանը: Կամ որ առանց Հայաստանի համաձայնության նման բան հնարավոր չէ, ուստի ՀՀ իշխանությունների համար նոր հնարավորություններ են բացվում մանևրելու, սեփական շահերն առաջ քաշելու համար: Կան նաև կարծիքներ, որ ՌԴ-ն կփորձի պարզապես ճնշում գործադրել Հայաստանի վրա, և հարցը կլուծվի` այդպես էլ որևէ դիվիդենտ մեր երկրին չբերելով: Նման մտահոգություն իսկապես կա, և դա առաջին հերթին կարելի է տեսնել թուրք նախարարի հայտարարության տողատակում: Նա ասում է, որ իրենք ԵՏՄ-ի հետ մաքսային համաձայնագիր ստորագրելու մասին առաջարկություն են ստացել: Բնականաբար, այդ առաջարկությունը Թուրքիան ստացել է ԵՏՄ ղեկավար մարմնից: Իսկ արդյո՞ք Հայաստանն իր համաձայնությունը տվել է նման առաջարկ ներկայացնելու համար: Եթե ՀՀ իշխանությունները այս գործընթացում մանևրելու, Հայաստանի շահը առաջ մղելու և օգուտներ քաղելու նպատակ ունեն, ապա տրամաբանական կլիներ, որ ի սկզբանե պաշտպանեին այդ գաղափարը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր