6955 դիտում
12:07 10-08-2017
«Հաջողության գրավականը` գիտակցաբար և նվիրված ծառայությունն է». լավագույն դիրքապահները
«Պաշտպանության բանակի լավագույն դիրքապահները» ծրագրի շրջանակներում ներկայացնում ենք դիրքապահի պարտականությունների կատարման ընթացքում իրենց լավագույն կողմերով դրսևորած զինծառայողներին: Դիրքապահ զինծառայողների հետ հանդիպել է Հրայր Փաշայանը, ով թղթին է հանձնել տղաների մասին պատմությունները։
Ծրագիրն իրականացվում է «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպության կողմից, ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում:
Պաշտպանության բանակի գնդապետ Գեղամ Գաբրիելյանի հրամանատարությամբ գործող զորամասի զինծառայողներն ունեն որոշակի մարտական փորձ: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ դիրքապահի իրենց պարտականությունների կատարման ընթացքում նրանք գործնականում հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը կասեցրին փայլուն ձևով: Դա 2017 թվականի փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերն էր:
«Գիտակցաբար և նվիրված ծառայությունը հաջողության գրավականն է»
Ծառայության անցնելով Պաշտպանության բանակի գնդապետ Գեղամ Գաբրիելյանի հրամանատարությամբ գործող զորամասում՝ շարքային Աշոտ Մազմանյանը գիտակցաբար ձգտել է հաղթահարել նոր միջավայրի ստեղծած բոլոր դժվարությունները: Կարճ ժամանակում հարմարվելով զինծառայությանը` Աշոտն ամենայն պատասխանատվությամբ է կատարել վերադաս հրամանատարության կողմից տրված ցուցումները՝ ցանկացած առաջադրանք կատարելով նվիրումով ու բարեխղճությամբ:
Աշոտ Արթուրի Մազմանյանը ծնվել է 1997 թվականի սեպտեմբերի 21-ին՝ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում: 8-րդ դասարանն ավարտելուց հետո երեք տարի հայրենի քաղաքի պետական պոլիտեխնիկական քոլեջում սովորել է ոսկերչի մասնագիտություն, այնուհետև ուսումը շարունակել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղում: Ուսման առաջին կիսամյակի ավարտից հետո զորակոչվել է զինվորական ծառայության` իր պարտքը կատարելու հայրենիքի հանդեպ:
Դիրքերում տարվող մարտական հերթապահությունը բարձր մակարդակով կատարելու համար, բացի մասնագիտական պատրաստությունից, նա կարևորեց զինծառայողների մարտական ոգին, առանց որի հնարավոր չէ պահել հայրենիքի սահմանները: «Պետք է սիրել հայրենիքը, արժևորել մեր նախնիների կատարածը և գիտակցաբար նվիրվել սեփական պարտականությունների իրականացմանը: Մենք մի այնպիսի տարածաշրջանում և այնպիսի հարևանների շրջապատում ենք ապրում, որ իրավունք չունենք անզգուշություն դրսևորելու: Այս երկրի սահմանները գծվել են մեր հերոս տղաների թափած արյամբ, ուստի` պարզապես իրավունք չունենք թուլանալու: Ամուր պահելով մեզ վստահված դիրքը՝ մենք ամրապնդում ենք մեր ընտանիքի, հարազատների ու բարեկամների, մեր երկրի անվտանգությունը: Կարծում եմ՝ այս պարզ ճշմարտությունը պետք է գիտակցի յուրաքանչյուր զինծառայող և ըստ այդմ կատարի իր առաքելությունը: Միայն այսպես կարող ենք մեր արժանի տեղն ունենալ արևի տակ»,- մեզ հետ զրույցում ասաց շարքային Ա. Մազմանյանը:
2017 թվականի փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը տեղի ունեցած դեպքերի ժամանակ Աշոտը նույնպես դիրքերում էր: Հենակետի պատասխանատու, լեյտենանտ Արմեն Գրիգորյանի կողմից առաջադրված մարտական առաջադրանքները ճիշտ և ժամանակին կատարելով` դիպուկահար, շարքային Աշոտ Մազմանյանն աչքի է ընկել իր խիզախությամբ ու մասնագիտական բարձր պատրաստվածությամբ: Գիտակցաբար, վստահորեն և առանց խուճապի մատնվելու կատարելով հրամանատարի ցուցումները, նա կարողացել է պատվով կատարել հայրենիքի պաշտպանի վեհ առաքելությունը` ցուցաբերելով հայրենիքի հանդեպ նվիրվածությունն և ուսուցման ընթացքում ստացած գիտելիքները գործնականում կիրառելու հմտություն: Իսկ հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբի ներթափանցման անփառունակ փորձի մասին պատմեց հետևյալը. «Հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբի հավաստանշումից հետո լեյտենանտ Արմեն Գրիգորյանի հետ բարձրացանք վերև և մարտական դիրքի աջ հատվածում կրակային դիրքեր զբաղեցնելով՝ սպասեցինք նրա հրամաններին: Որոշ ժամանակ անց, երբ հակառակորդը հայտնվել էր ուղիղ նշանառության տակ և կրակելու համար նպաստավոր պայմաններ էին ստեղծվել, հրամանատարի հրամանով սկսեցինք ակտիվ կրակ վարել: Իմ և գնդացրորդի կողմից արձակված առաջին կրակահերթից հետո նկատեցինք, որ հակառակորդի զինվորներից երկուսն ընկան:
Դրանից հետո հակառակորդը մի քանի անգամ փորձել է հետ գալ դիակները տանելու, սակայն կրկին կորուստներ է կրել` մարտադաշտում թողել 5 ասկյարների դիակներ ու ճողոպրել»,- դեպքի մասին հակիրճ պատմեց շարքային Աշոտ Մազմանյանը` շեշտելով, որ դիրքի տղաները մշտարթուն են ու զգոն՝ ցանկացած պահի կազմ ու պատրաստ պաշտպանվելու, իսկ անհրաժեշտության դեպքում նաև անդառնալի հակահարված հասցնելու հակառակորդին:
Մեծ հնչեղություն ստացած այս հերոսական արարքը համեստորեն ներկայացնելով ընդամենը որպես «սեփական պարտականությունների կատարում»` շարքային Աշոտ Մազմանյանն ավելի է բարձրացնում իր և ծառայակից ընկերների սխրանքի իրական նշանակությունը:
«Հաջողության գրավականը` գիտակցաբար և նվիրված ծառայությունն է». սա Աշոտի և նրա ընկերների՝ հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում գործելու հիմնական նշանաբանն է, որին հետևելով առաջադիմություն կարող է գրանցել յուրաքանչյուր զինծառայող:
Հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբի ներթափանցման փորձը կասեցնելիս ցուցաբերած անձնական արիության ու խիզախության համար Արցախի նախագահի կողմից շարքային Աշոտ Մազմանյանը պարգևատվել է Արցախի Հանրապետության «Արիության համար» մեդալով:
[b]Հայաստանի երիտասարդական հիմնադրամ
[/b]
Նմանատիպ նյութեր
5568 դիտում
23:34 03-11-2018
Առաջխաղացման միակ գրավականը բարեխիղճ ու սրտացավ ծառայությունն է․ Վալերիյ Օսիպյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12127 դիտում
21:31 15-07-2014
Որն է գերմանական ֆուտբոլի հաջողության գրավականը. 4 կարևորագույն քայլ դեպի բարձրունք
9043 դիտում
14:59 18-08-2017
Լավագույն դիրքապահները. մասնագիտական պատրաստվածությունը՝ կարևոր նախապայման
Այս բաժնից
1150 դիտում
16:00 26-12-2024
Վաղարշապատում թմրանյութ պահելու դեպք է բացահայտվել (տեսանյութ)
1255 դիտում
15:32 26-12-2024
Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտահարկի վերադարձի դեպքում. ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
1459 դիտում
15:18 26-12-2024
Երևանում և մարզերում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ