8989 դիտում
14:59 18-08-2017
Լավագույն դիրքապահները. մասնագիտական պատրաստվածությունը՝ կարևոր նախապայման
«Պաշտպանության բանակի լավագույն դիրքապահները» ծրագրի շրջանակներում ներկայացնում ենք դիրքապահի պարտականությունների կատարման ընթացքում իրենց լավագույն կողմերով դրսևորած զինծառայողներին: Ծրագիրն իրականացվել է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպությանը հատկացված դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։ Զինծառայողների հետ զրուցել է Հրայր Փաշայանը։
+++
Վահրամ Մարտունի Մարտիրոսյանը ծնվել է 1997 թվականի փետրվարի 9-ին Երևան քաղաքում: Նախքան զորակոչվելը սովորել է տեղի գյուղատնտեսական քոլեջում:
Շարքային Վ. Մարտիրոսյանն աչքի է ընկել փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը հակառակորդի ձեռնարկած դիվերսիոն ներթափանցման փորձը կասեցնելու գործողությանը: Հետևելով դիրքի ավագ, սերժանտ Սամվել Խաչատրյանի հրահանգներին` նա իր ծառայողական պարտականությունները կատարել է բարձր մակարդակով:
Ինչ վերաբերում է ընդհանրապես ծառայողական պարտականությունների կատարմանը, ապա այս հարցում շարքային Վ. Մարտիրոսյանը կարևորում է ուսումնական գործընթացում թե՛ տեսական, թե՛ գործնական պարապմունքների ժամանակ իրենց մատուցված նյութի յուրացումը: «Դրա կարևորությունը հատկապես դրսևորվում է այն ժամանակ, երբ հրամանատարության կողմից որևէ առաջադրանք կատարելու անհրաժեշտություն է առաջանում: Եթե պարապմունքների ընթացքում մատուցված գիտելիքները չսովորենք, մենք չենք կարողանա գործնականում մեր պարտականությունները կատարել»,- նշում է նա` ընդգծելով, որ զինծառայության ամենօրյա գործունեությունը նպատակաուղղված է հենց նրան, որպեսզի ստեղծվի կուռ, միասնական և մարտունակ կոլեկտիվ, որը ցանկացած պահի կկարողանա կատարել իր հայրենանվեր առաքելությունը:
«Առաջադրված խնդիրների կատարման համար կարևոր նշանակություն ունի նաև մասնագիտական պատրաստվածությունը, կցագրված զենքին ու զինամթերքին տիրապետելը: Դիրքապահներիս համար զենքը դարձել է մեր անբաժան ուղեկիցը և այլ կերպ չէր էլ կարող լինել: Եթե մերոնք վարպետորեն չտիրապետեին իրենց կցագրված զենքի կիրառմանը, ապա չէինք կարողանա հետ մղել նրանց դիվերսանտներին»,- մեզ հետ զրույցում ասաց շարքային Վ. Մարտիրոսյանը` նկատելով, որ ընդհանրապես, իրենց մոտ մասնագիտական պատրաստվածությունը բարձր մակարդակի վրա է դրված:
Բացի դրանից, շարքային Վ. Մարտիրոսյանի կարծիքով` «դիրքապահի պարտականությունների կատարման ընթացքում յուրաքանչյուր զինծառայող պետք է հստակորեն իմանա իր կոնկրետ անելիքը, տարածքի, հակառակորդի և սեփական դիրքերի աշխարհագրական կառուցվածքն ու տեղաբաշխվածությունը: Մասնագիտական պարտականությունները կատարելագործելու նպատակով նախքան դիրքեր այցելելը համապատասխան պարապմունքներ ենք կատարում, հմտանում կցագրված զենքից կրակ վարելուն, մի խոսքով ձեռք բերում անհրաժեշտ վարժվածություն՝ մարտական հերթապահության իրականացման ընթացքում դրանք կիրառելու համար: Այնուհետև գալով դիրքեր ` տեղում նույնպես իրականացնում ենք ամենօրյա պարապմունքներ, լինի գիշեր, թե ցերեկ, որպեսզի հակառակորդի ցանկացած գործողության դեպքում ամեն մեկը հստակորեն տիրապետի իր անելիքներին»:
Հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբի ներթափանցման փորձը կասեցնելիս ցուցաբերած անձնական արիության ու խիզախության համար շարքային Վահրամ Մարտունի Մարտիրոսյանը ԼՂՀ նախագահի կողմից պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով:
Զգոնություն, մասնագիտական պատրաստվածություն, անվտանգության կանոնների պահպանում, կարգապահություն, մշտադիտարկման իրականացում, մարտական բարձր ոգի. ահա այն հիմնական, բայց ոչ բոլոր նախապայմանները, որոնք հիմք են հանդիսացել առաջադրված մարտական խնդիրները կատարելու համար: Սրանք նաև այն կարևոր գործոններն են, որոնց հետևելով յուրաքանչյուր զինծառայող կարող է պատվով կատարել հայրենիքի պաշտպանի վեհ առաքելությունը:
[b]Հայաստանի երիտասարդական հիմնադրամ
[/b]
Նմանատիպ նյութեր
943 դիտում
15:36 23-02-2021
Ստուգվել է հայ խաղաղապահների մասնագիտական պատրաստվածությունը
2247 դիտում
23:14 22-02-2022
Ստուգվել է հրետանավորների մասնագիտական պատրաստվածությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
634 դիտում
23:53 14-11-2024
ՀՀ դեսպանին է հանձնվել Ուկրաինայի ԱԳ նախարարի հուշանվերը
1642 դիտում
23:01 14-11-2024
Ողջույն, սպիտակամորուս․ Փաշինյանը սափրվել է