211652_close_icon
views-count3662 դիտում article-date 11:48 28-07-2017

«Սասնա ծռեր» խմբի անդամ Տիգրան Մանուկյանը հացադուլ է հայտարարել

«Սասնա ծռեր» խմբի անդամ Տիգրան Մանուկյանը հացադուլ է հայտարարել: ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից տեղեկացրին, որ Տիգրան Մանուկյանը հացադուլ է հայտարարել հուլիսի 24-ից: Նշենք, որ Տ. Մանուկյանը միացել է Վարդան Գերավետյանի հացադուլին, նրանք պահանջում են 1) Ճանաչել որպես քաղբանտարկյալներ «Սասնա ծռեր» խմբի անդամներին և նույն գործով կալանավորված անձանց, ինչպես նաև Կարո Եղնուկյանին, Անդրիաս Ղուկասյանին, Գևորգ Սաֆարյանին, Հայկ Կյուրեղյանին, Շանթ Հարությունյանին և նրա խմբի տղաներին, «Սասնա ծռերի» շրջանակներում կալանավորված ցուցարարներին, Սարի թաղի կալանավորված բնակիչներին և բոլոր այն անձանց, ովքեր կալանավորված են ներկայիս ազգակործան ռեժիմի կողմից իրենց քաղաքական և քաղաքացիական դիրքորոշման համար։ 2) Առանձնացնել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանավորված «Սասնա ծռերի» անդամներին, տեղափոխել նրանց ընդհանուր բանտախցերից առանձնացված բանտախցեր։ Պատճառաբանությունը հետևյալն է՝ առաջին իսկ օրերից «Նուբարաշեն» ՔԿՀ-ում շրջանառության մեջ դրվեց այն միտքը, թե իբր իշխանությունները ուզում էին համաներում հայտարարել, սակայն «Սասնա ծռերի» պատճառով չեն իրականացնում, այդպիսով փորձելով թշնամանք սերմանել «Սասնա ծռերի» անդամների և մյուս կալանավորված անձանց միջև։ Բացի այդ, ինչ սկսվեց մեր գործերով դատավարությունը հաճախակի դարձան «Նուբարաշեն» ՔԿՀ (կողմից) վերահսկող մարմինների կողմից և ներկայությամբ խուզարկությունները հատկապես այն խցերում, որտեղ գտնվում են «Սասնա ծռեր» խմբի անդամները, ինչը ապագայում հանգեցնելու է լարվածության և չի բացառվում՝ նաև բախումների։ Չնայած այն բանին, որ «Սասնա ծռերի» և այլ կալանավորների միջև միշտ եղել են բարիդրացիական և նույնիսկ ջերմ հարաբերություններ, բոլորիս համար էլ ակնհայտ է, որ այդ գործողությունները արվում են միտումնավոր և չակերտավոր արդարադատության ճիրաններում հայտնված առանց այն էլ ծայրահեղ նյարդային վիճակում գտնվող կալանավորված անձանց դժգոհությունը առաջացնելու նպատակով։ 3) Դատարանում «Սասնա ծռերի» նկատմամբ կիրառված բռնությունները, որոնց ականատես եղավ հանրությունը, մենք գնահատում ենք ահաբեկչություն ոչ թե «Սասնա ծռերի», այլ ողջ հայ ժողովրդի նկատմամբ։ «Սասնա ծռերի» գործով դատական նիստերի ընթացքում դատարանի վարչական շենքում, նույնիսկ դահլիճից սկսած բացահայտ կերպով բռնություն կիրառվեց ոստիկանության կողմից «Սասնա ծռերի» անդամների հանդեպ, ինչին հանցավոր կերպով անհաղորդ մնաց արդարադատության իրականացմանը կոչված դատական իշխանությունն ի դեմս նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանի։ Այստեղից, ինչպես նաև պաշտպանական կողմի իրավունքների բազմաթիվ խախտումներով ընթացող «դատավարության» ընթացքից բոլորիս պարզ է, որ արդարադատություն ընդհանրապես գոյություն չունի Հայաստանի Հանրապետությունում, ինչի մասին մենք տարիներ շարունակ բարձրաձայնել ենք և նման կերպ կանխակալ և ակնհայտորեն ուղղորդվող «արդարադատությունից» մենք և հայ ժողովուրդը որևէ ակնկալիք չունենք և ունենալ չենք կարող։ Այդ իսկ պատճառով իշխանությանը այս մասով որևէ պահանջ չենք ներկայացնում, դա բացարձակ իմաստազուրկ է։ 4) Հաց բերող Արթուր Սարգսյանի մահվան կապակցությամբ պահանջում ենք իրականացնել քննություն պետական գործակալների կողմից կայացված ապօրինի որոշումների, ապօրինի գործողությունների և անգործության հետևանքով Արթուրին պատճառված մահվան կապակցությամբ»,-ասված է հայտարարությունում:

Նմանատիպ նյութեր