Քաղաքացիների համացանցային դիմումների հիման վրա Երևանում 70-ից ավելի հասցեներ են մաքրվել աղբից
Մայիսի 26-ին Երևանի քաղաքապետարանը ֆեյսբուքյան էջով քաղաքացիներին կոչ էր արել սոցիալական ցանցերի էջերով քաղաքապետարանին փոխանցել այն հասցեները, որտեղ անհրաժեշտ են իրականացնել սանմաքրման աշխատանքներ:
Ըստ այդմ, մայիսի 26-ից մինչ օրս ստացվել են շուրջ 80 հասցեներում մաքրման անհրաժեշտության մասին նամակներ, որոնք փոխանցվել էին «Սանիթեք» ընկերությանն ու քաղաքապետարանի աղբահանության օպերատիվ շտաբին, ինչին հաջորդել էին նաև սանմաքրման միջոցառումները 70-ից ավելի հասցեներում: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը:
Քաղաքապետարանը, շնորհակալություն հայտնելով մտահոգ համաքաղաքացիներին, հորդորում է շարունակել խնդրահարույց հասցեների վերաբերյալ քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջով տեղեկությունների տրամադրումը: