Հայաստանը պետք է քայլեր իրականացնի ներդրումներ ապահովելու և ինքնիշխանության ամրապնդման համար. «Ժառանգություն»
«Ժառանգություն» կուսակցությունը հայտրարություն է տարածել, որտեղ ասված է.
««Ժառանգություն» կուսակցությունը մտահոգություն է արտահայտում Հայաստանում բազմամիլիարդ էներգետիկ ներդրումների վերաբերյալ ԱՄՆ և Եվրամիության պաշտոնյաների կողմից արված առաջարկների հանդեպ Հայաստանի իշխանությունների կրավորական կեցվածքի կապակցությամբ:
- Էներգետիկ անկախությունը ժամանակակից աշխարհում պետության իրական անկախության բաղադրիչներից է, տնտեսական զարգացման հիմնական տարրը, ինչպես նաև ժողովրդի սոցիալ-տնտեսական բարօրության մասը։
- Հայաստանում կան էներգետիկ այլնտրանքային աղբյուրների բազմազանության հնարավորություններ՝ ի դեմս Իրանից էներգակիրների ներմուծումից, մինչև վերականգնվող էներգիայի տեղական արտադրություն։
- ԱՄՆ և Եվրամիության պաշտոնական հայտարարությունները Հայաստանի էներգետիկայի ոլորտում բազմամիլիարդ ներդրումների հնարավորության մասին ոչ միայն Հայաստանի էներգետիկ անկախությունն ապահովելու երաշխիք են, այլև հզոր միջոց՝ տնտեսության զարգացման համար։
- Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա անընդունելի ենք համարում 2013 թվականի Հայ-ռուսական գազային պայմանագիրը՝ այն որպես արգելանք դիտելով Հայաստանի էներգետիկ զարգացմանը:
Հաշվի առնելով վերոնշյալը՝ «Ժառանգություն» կուսակցությունը հայտարարում է.
Հայաստանի Հանրապետությունը պետք է՝
- Չեղյալ հայտարարի 2013 թվականին կնքած Հայ-ռուսական գազային հակապետական պայմանագիրը:
- Իրավական և գործնական բոլոր քայլերն իրականացնի էներգետիկայի և մյուս բոլոր ոլորտներում ներդրումներ ապահովելու և պետության անկախության, ինքնիշխանության ամրապնդման համար»: