211652_close_icon
views-count3918 դիտում article-date 10:15 21-07-2017

Ռուսաստանի Դաշնությունում դատապարտված Հրաչյա Հարությունյանը տեղափոխվել է Հայաստան

Ռուսաստանի Դաշնությունում դատապարտված Հրաչյա Հարությունյանը 20.07.2017թ-ին տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն՝ «Դատապարտյալների փոխանցման մասին» 1983թ. եվրոպական կոնվենցիայով սահմանված կարգով պատժի մնացած մասը կրելու համար: Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Դատապարտյալի փոխանցումից հետո, համաձայն վերը նշված կոնվենցիայի 10-րդ հոդվածի, օտարերկրյա պետության կայացրած դատավճիռը պետք է ճանաչվի ՀՀ իրավասու դատարանի կողմից՝ կատարելով քրեորեն պատժելի արարքի համապատասխանեցում ՀՀ քրեական օրենսգրքին՝ անփոփոխ թողնելով սահմանված պատիժը: ՌԴ իրավասու դատարանի դատավճիռը ճանաչելուց և այն կատարման ուղարկելուց հետո ՀՀ ներպետական օրենսդրության համաձայն՝ պատիժը կատարելու համար ուղղիչ հիմնարկի տեսակը և պատիժը կրելու վայրը որոշում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության տեղաբաշխման հանձնաժողովը: Հիշեցնենք, որ Հրաչյա Հարությունյանն Պոդոլսկի շրջանում ԿԱՄԱԶ մակնիշի մեքենայով բախվել էր մարդատար ավտոբուսին, ինչի հետևանով 18 մարդ էր զոհվել: Նա մեղավոր է ճանաչվել ՌԴ Օրենսգրքի 264 (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման խախտման) և 327 (կեղծ փաստաթղթերի պատրաստում) հոդվածներով: Ռուսաստանի Տամբովի մարզի շրջանային դատարանը որոշում էր ընդունել դատապարտյալ Հրաչյա Հարությունյանին Ռուսաստանից Հայաստան տեղափոխելու մասին, որն ուժի մեջ էր մտել հուլիսի 4-ին:

Նմանատիպ նյութեր