Փաթեթ են մշակում. չօգտագործվող գյուղատնտեսական հողերը կամ պիտի վաճառվեն, կամ վարձակալության տրվեն
«Պետական բյուջեից առանց լրացուցիչ ֆինանսական միջոցներ ներգրավելու` կատարված տնտեսումների հաշվին, այս տարի 3 նոր ծրագիր ենք նախաձեռնել, որոնցից գյուղտեխնիկայի ձեռքբերման լիզինգային ծրագիրն արդեն մեկնարկել է: Բացի այդ, այս տարի որոշակի փոփոխություններ կլինեն սուբսիդավորվող վարկերի ծրագրում. կբարձրանա տրամադրվող գումարի շեմը, տոկոսադրույքները կդառնան առավել մատչելի»,- տեղեկացրել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում:
Նախարարը նշել է, որ գյուղտեխնիկայի ձեռքբերման լիզինգային ծրագրի շրջանակում արդեն տրամադրվել է 23 տրակտոր, ինչպես նաև այլ գյուղտեխնիկա:
Հաջորդ խնդրահարույց հարցի` մթերումների դիմաց վճարումների խնդիրը կարգավորելու նպատակով օգոստոս ամսից կսկսվի վերամշակող ընկերություններին 3 % տոկոսադրույքով մթերման վարկերի տրամադրման ծրագիրը:
«Այս ծրագիրը հնարավորություն կտա` նախ արմատավորել պայմանագրերի կնքման մշակույթը, ինչպես նաև հնարավորություն տալ վերամշակողներին ժամանակին կատարել վճարումները»,- նշել է գյուղնախարարը:
Նախարարը նաև հայտնեց՝ նոր փաթեթ են մշակում, որի համաձայն՝ չօգտագործվող գյուղատնտեսական հողերի տերերի համար վատ պայմաններ կստեղծեն, որ իրենք սկսեն օգտագործել կամ տրամադրեն վարձակալության այդ հողերը:
«Ես համոզված եմ, որ ինչ որոշում էլ կլինի վերջում, կլինի օրենքի սահմաններում և կբխի բոլորի շահերից»,- ասաց Իգնատի Առաքելյանը՝ անդրադառնալով Հողային օրենսգրքի փոփոխություններին:
Նշենք, որ մայիսի 18-ի կառավարության նիստում հավանության է արժանացել «Հողային օրենսգրքում» և կից փաթեթում օրենսդրական փոփոխությունների նախագիծը: Ըստ դրա՝ ՀՀ քաղաքացիությունից հրաժարված անձը զրկվում է գյուղատնտեսական նշանակություն ունեցող իր հողամասի նկատմամբ սեփականության իրավունքից: