Հայաստանում կիրագործվի գյուղատնտեսական նշանակության չօգտագործվող հողերի խնդիրների լուծմանն ուղղված ծրագիրը
Այսօր՝ նոյեմբերի 27-ին, Երևանում կայացել է «Հողերի չօգտագործման խնդիրների կարգավորման նպատակով հողերի կառավարման գործիքակազմի և ինստիտուցիոնալ շրջանակի ձևավորում» ծրագրի մեկնարկային աշխատաժողովը։ Այն կազմակերպել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ։
Ծրագրի հիմնական նպատակն է աջակցել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը՝ լուծելու հողերի չօգտագործման խնդիրները նոր իրավական և ինստիտուցիոնալ շրջանակի կազմավորման, ինչպես նաև հողերի կառավարման գործիքակազմի ձևավորման միջոցով։ Աշխատաժողովին մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Կադաստրի պետական կոմիտեի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, խորհրդատվական ծառայությունների, ինչպես նաև մարզպետարանների և համայնքապետարանների ներկայացուցիչներ և մասնագետներ:
Աշխատաժողովի ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՊԳԿ-ի միջև ստորագրվել է համագործակցության պայմանագիր։ Այն ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արտակ Քամալյանը և ՊԳԿ հայաստանյան ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն։