8426 դիտում
17:07 06-07-2017
ՀՀ ֆինանսների նախարարը գործադիրի հաստատմանն է ներկայացրել ՀՀ 2018-2020թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը
Այսօր՝ հուլիսի 6-ին, ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը գործադիրի հաստատմանն է ներկայացրել Հայաստանի Հանրապետության 2018-2020թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, որը ճշգրտումներից հետո կներկայացվի ՀՀ կառավարության աշխատակազմ: ՀՀ ֆինանսների նախարարի խոսքով՝ այս ծրագիրը կազմելու ժամանակ ամրագրվել է 4 հիմնական սկզբունք, որոնք հիմք կհանդիսանան նաև հաջորդ տարիների բյուջեների կազմման համար:
1. Վերջին տարիներին արտաքին հատվածից ներթափանցած շոկերին դիմակայելու համար կառավարությունը պարտադրված է եղել հակացիկլիկ հարկաբյուջետային քաղաքականություն վարել: Վերջին 3 տարիներին պարտք/ՀՆԱ ցուցանիշը աճել է շուրջ 13 տոկոսային կետով, ուստի սահմանվել է կարևոր սկզբունք՝ ամրագրել պարտքի կայունությունը: Անհրաժեշտ է կայունացնել այնուհետև փոքր-ինչ նվազեցնել պարտք/ՀՆԱ ցուցանիշը, որպեսզի հնարավոր լինի ձևավորել հարկաբյուջետային «բարձիկներ»՝ ապագայում նմանատիպ շոկերին հակազդելու համար:
2. Երկրորդ սկզբունքը սեփական եկամուտներ և ընթացիկ ծախսեր հարաբերակցությունն է, որը նախորդ տարիներին հարկադրված խախտվել է: «2018 թվականից հետո մեր սեփական եկամուտներն ավելին են լինելու, քան ընթացիկ ծախսերը: Այսինքն՝ այս ծրագրում դրված է մեր թիմի այն գաղափարը, որ ընթացիկ ծախսերի մասով մենք պետք է պահպանողական լինենք և տնտեսական աճի հիմքերն ուժեղացնելու համար շեշտադրում անենք կապիտալ ծախսերի վրա»,- ասել է Արամյանը:
3. Հաջորդ սկզբունքը կապիտալ ծախսեր և պակասուրդ հարաբերակցությունն է: Կապիտալ ծախսերը և անվանական առումով, և ՀՆԱ-ի կշռով պետք է ավելի բարձր լինեն: Այսինքն՝ պարտք վերցնելու դեպքում այն պետք է ուղղել բացառապես կապիտալ ծախսերին՝ տնտեսական հենքը ուժեղացնելու համար: Ըստ նախարարի՝ այս դեպքում պարտք վերցնելն այնքան էլ վտանգավոր չի լինում. դա փաստում է միջազգային փորձը:
4. Չորրորդ սկզբունքը հարկեր/ՀՆԱ ցուցանիշն է՝ հաշվի առնելով «ագրեսիվ» աճը, որը եղել է 2017 թվականին: «Մենք պետք է 0.5 տոկոսային կետով մեծացնենք հարկեր/ՀՆԱ ցուցանիշը: Հիշեցնեմ՝ 2016 թվականին այդ ցուցանիշը ավարտել ենք 21.3 տոկոսով, 2017 թ-ին ծրագիրը կատարելու դեպքում կունենանք 22.3, իսկ 2018 թ-ին՝ 22.43 տոկոս: Այսինքն՝ միջինում մենք հարկեր/ՀՆԱ աճը 0.5 տոկոսային կետով պահպանում ենք: Տնտեսական աճի ցուցանիշները 2018-2020 թվականներին կանխատեսել ենք համապատասխանաբար 4.7%, 5.4% և 5.7 %: Որտեղի՞ց է գալու տնտեսական աճը. պետք է նշեմ, որ կապիտալ ծախսեր/ՀՆԱ ցուցանիշը մենք «ագրեսիվ» կերպով բարձրացնում ենք, 2018-ին կապիտալ ծախսեր/ՀՆԱ ցուցանիշը լինում է 3.8 տոկոս, 2019թ-ին՝ 4.8 տոկոս, և 2020 թվականին՝ 5.5 տոկոս: Իսկ պակասուրդի դեպքում՝ ՄԺԾԾ-ի հիմքում դրված սցենարով կանխատեսվում է 2.7, 2.4 և 2.1 տոկոս: Այլ կերպ ասած, մենք պակասուրդը նվազեցնում ենք, որպեսզի պարտքը կայունացնենք՝ միևնույն ժամանակ աստիճանաբար ուժեղացնելով կապիտալ ծախսերը», -ընդգծել է Վարդան Արամյանը:
Պետական ծախսերի միջնաժամկետ ծրագրման համակարգի ներդրումն ուղղված է, մասնավորապես, լուծելու հետևյալ խնդիրները` բարելավել մակրոտնտեսական հաշվեկշռվածությունը՝ ի հաշիվ ռեսուրսների իրատեսական և համապարփակ փաթեթի ձևավորման, նպաստել պետական ֆինանսական միջոցների հաշվին կատարվող բյուջետային հատկացումների միջոլորտային և ներոլորտային արդյունավետ վերաբաշխմանը՝ ըստ գերակա ուղղությունների, բարելավել բյուջետային ծրագրերի գնահատման համակարգը և մեծացնել պետական ֆինանսների կառավարման թափանցիկության աստիճանը: Պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի հիմնական նպատակը պետական ծախսերի կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումն է: ՀՀ 2018-2020թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հիմք կծառայի ՀՀ 2018 թվականի պետական բյուջեի նախագծի մշակման աշխատանքների համար, ինչպես նաև ընկալելի կդարձնի ինչպես պետական կառավարման մարմինների, այնպես էլ հանրության համար կառավարության առաջիկա երեք տարվա հարկաբյուջետային քաղաքականության գերակայությունները և ծախսային քաղաքականության ռազմավարությունը:
Անդրադառնալով ներկայացված ծրագրին` ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նշել է. «Ծրագրով բավականին ամբիցիոզ սեփական եկամուտների մուտքերի աճ և շատ կոշտ հաստատուն ծախսերի կառավարում ենք նախատեսում: Նախատեսում ենք տնտեսված միջոցներն ուղղել դեպի տնտեսական աճ: Բավականին դժվար իրագործելի հայտանիշեր ենք դնում՝ հարկ/ՀՆԱ հարաբերակցության, արտաքին պարտքի կայունության, դեֆիցիտի վերաբերյալ: Բոլորիցս պահանջվելու է մաքսիմալ համակարգված աշխատանք»:
Վարդան Արամյանի կողմից ներկայացված նախագծերով գործադիրը հավանություն է տվել նաև ՀՀ կենտրոնական բանկի 2016թ. դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվության (գնաճի հաշվետվություն) վերաբերյալ և ՀՀ կենտրոնական բանկի 2017 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրի վերաբերյալ ՀՀ կառավարության եզրակացություններին:
Նմանատիպ նյութեր
1266 դիտում
13:39 26-09-2015
Հաստատվել է ԼՂՀ 2016-2018 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը
725 դիտում
15:36 03-07-2014
Գործադիրը հաստատել է ՀՀ 2015-2017թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը
2444 դիտում
22:39 27-09-2016
Արցախի կառավարությունը հաստատել է «ԼՂՀ 2017-2019թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը»
Այս բաժնից
706 դիտում
15:51 23-11-2024
Սպասվում է առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանը կնվազի
592 դիտում
14:33 23-11-2024
Երեխաների՝ տեքստը կարդալու և հասկանալու կարողությունները բարելավվում են. ԿԳՄՍ նախարար
829 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք