Ապօրինի հարստանալու դեմ իրավական պայքարի մանրամասները
2017 թվականի հուլիսի մեկին ուժի մեջ մտավ ՀՀ քրեական օրենսգրքի ապօրինի հարստացմանը վերաբերող հոդվածը, որն իրավապահ մարմնին հնարավորություն կտա կոռուպցիոն դեպքերով գործեր հարուցելիս՝ օգտագործել նաև այս հոդվածը: Ընդամենն օրեր առաջ ուժի մեջ մտած այս իրավակարգավորման վերաբերյալ [url=https://armenpress.am/arm/news/897401/suren-qrmoyany-nerkayacrel-e-hh-qreakan-orensgrqi-aporini.html]«Արմենպրես»[/url]-ը զրուցել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի հետ:
[b]Պարոն Քրմոյան, ո՞ր դեպքում է պաշտոնատար անձը համարվելու ապօրինի հարստացած:[/b]
-Ապօրինի հարստացում կհամարվի պաշտոնատար անձի կողմից հաշվետու ժամանակահատվածում գույքի ավելացումը և (կամ) պարտավորությունների նվազումը, որոնք էականորեն գերազանցում են նրա օրինական եկամուտները և ողջամտորեն չեն հիմնավորվում դրանցով: Բնականաբար, հարց կառաջանա, թե ո՞ր դեպքում կհամարվի, որ գույքի ավելացումը և պարտավորությունների նվազումն «էականորեն են գերազանցել» օրինական եկամուտները: Նշեմ, որ էական կհամարվի հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկը գերազանցող գումարը, այսինքն՝ 5 միլիոն դրամը:
[b]Կոնկրետ ո՞ր պաշտոնատար անձանց է վերաբերում այս կարգավորումը:[/b]
-Խոսքը վերաբերում է «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց: Ընդ որում, ասեմ, որ հուլիսի 1-ին ուժի մեջ մտավ նաև մեկ այլ շատ կարևոր օրենսդրական նախաձեռնություն՝ «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որի համաձայն զգալիորեն ընդլայնվում է հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց շրջանակը:
[b]Ապօրինի հարստացման փաթեթի հետ մեկտեղ ընդունվեց նաև մեկ այլ օրենք, որը վերաբերում էր կանխիկ գործարքների սահմանափակմանը: Այդ կարգավորումը ինչի՞ն է ուղղված:[/b]
-Այո, ապօրինի հարստացման ինստիտուտը գործնականում կիրառելի դարձնելու համար անհրաժեշտ էին մի շարք պրակտիկ լուծումներ: Այդ լուծումներից մեկն էլ կանխիկ դրամով գործարք կատարելու սահմանափակումն էր: Այս կարգավորման համաձայն՝ գույքի և եկամուտների հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձինք պարտավոր են դրամական միջոցներով կատարվող մի շարք գործարքներով, ինչպիսիք են, օրինակ, փոխառություն հանձնելը կամ ստանալը, ձեռնարկատիրական գործունեությունից եկամուտ ստանալը, գույքը օտարելուց եկամուտ ստանալը և այլն, կատարել բացառապես անկանխիկ ձևով, եթե միանվագ ստացվող կամ տրվող գումարը գերազանցում է սահմանված շեմը:
[b]Իսկ ո՞րն է տվյալ դեպքում սահմանված շեմը:[/b]
-2 մլն Հայաստանի Հանրապետության դրամը կամ դրան համարժեք արտարժույթը: