211652_close_icon
views-count2912 դիտում article-date 13:28 03-07-2017

Հրդեհների դեմ պայքարը միայն հրշեջների գործը չէ. ՀՀ ԱԻՆ-ը հիշեցնում և հորդորում է պահպանել հրդեհային անվտանգույան կանոնները

Հանրապետությունում ջերմաստիճանի կտրուկ բարձրացման պատճառով անտառային և հարակից բուսածածկ տարածքներում մեծանում է հրդեհների առաջացման և տարածման վտանգը: Հրդեհները լուրջ վտանգ են ներկայացնում անտառային հարուստ կենսաբազմազանության, այդ թվում` հազվագյուտ և անհետացման եզրին գտնվող բուսական ու կենդանական տեսակների համար, ինչպես նաև՝ կարող են բացասական ազդեցություն ունենալ անտառամերձ համայնքների սոցիալական կայունության վրա: Բուսածածկ տարածքների հրդեհները զգալիորեն փոխում են մթնոլորտի կազմը և անխուսափելիորեն ազդում են մարդկանց առողջության վրա, իսկ ավելի կոնկրետ` լուրջ վնաս են հասցնում շնչառական օրգաններին ու արյան շրջանառության համակարգին: Վերջին ժամանակաշրջանում ի հայտ են գալիս անտառային հրդեհների առաջացման նոր պատճառներ: Օրինակ` գլոբալ տաքացումը, ջերմոցային էֆեկտը, սակայն հիմնական պատճառը մնում է մարդը: Այդ իսկ պատճառով շատ կարևոր է հատուկ ուշադրություն դարձնել հրդեհային պրոֆիլակտիկային, բնակչության շրջանում իրականացվող բացատրական աշխատանքներին: Հրդեհավտանգ ժամանակահատվածներում անտառային և բուսածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման համար արգելվում է. Խարույկ վառել. խիստ անհրաժեշտության դեպքում դա կարելի է անել բաց տարածքներում` շրջապատելով այն 0,5 մետրից ոչ պակաս միներալիզացված շերտով, իսկ վերջում հանգցնել ջրով կամ ծածկել հողով Նետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ Որսի համար օգտագործել դյուրավառ և մարմրող նյութերից փամփուշտի խիցեր Ավտոմեքենաները լիցքավորել վառելիքով` աշխատող շարժիչների դեպքում Շահագործել անսարք սնուցման համակարգով մեքենաներ Ծխել և օգտվել բաց կրակից՝ վառելիքով լիցքավորված մեքենաների շրջակայքում Կատարել չոր խոտի, խոզանի այրում (բացի վերահսկելի այրումներից, որոնք իրականացվում են սահմանված կարգով, որոշակի ժամանակահատվածներում` տեղական իշխանությունների թույլտվությամբ) Արևով լուսավորվող բացատներում թողնել շշեր, ապակու կտորներ, քանի որ դրանք կարող են ֆոկուսացնել ճառագայթներն ու աշխատել որպես հրկիզող լինզաներ Թողնել (թափել) քսայուղով, բենզինով, կերոսինով և այլ դյուրավառ հեղուկներով ներծծված լաթեր (բացի հատուկ հատկացված տեղերից): Կարևոր է իմանալ նաև անտառային հրդեհների ժամանակ կատարվելիք ճիշտ գործողությունները: Եթե հայտնաբերվել է հրդեհի փոքր օջախ, պետք է փորձել հանգցնել այն: Դրա համար անհրաժեշտ է օգտագործել սաղարթավոր ծառերի տեսակների կամ մատղաշ ծառերի ճյուղերի կապուկ, թաց հագուստ, ամուր կտոր: Կրակի եզրաշերտին կողքից` հրդեհի օջախի կողմը սահող հարվածներ հասցնել՝ ասես ավլելով, սրբելով կրակը: Ճյուղերը, կտորը յուրաքանչյուր հարվածից հետո շրջել, որպեսզի դրանք այդ ձևով սառչեն ու չայրվեն: Ոչ մեծ կրակը կարելի է տրորել ոտքերով, չթողնելով որ այն տարածվի ծառերի բներն ու սաղարթները: Մարելով փոքր հրդեհը՝ կարելի է հեռանալ, երբ վստահ եք, որ կրակը նորից չի բորբոքվի: Անտառային հրդեհի գոտում հայտնվելիս անհրաժեշտ է որոշել քամու ու կրակի տարածման ուղիները, շարժվել կրակի տարածմանը զուգահեռ, դեպի անվտանգ տեղ (գետ, առվակ, այլ ջրամբար): Եթե հնարավոր չէ դուրս գալ հրդեհի գոտուց, պետք է փորձել մտնել մոտակա ջրամբարը, ծածկվել թաց հագուստով, բերանն ու քիթը պաշտպանել թաց դիմակով: Դուրս գալով անվտանգ տեղ՝ հրդեհի տեղի ու ժամանակի, ինչպես նաև՝ դրա հնարավոր պատճառների մասին պետք է հայտնել անտառտնտեսությանը կամ հրշեջ պահպանությանը: Առավել հրդեհավտանգ ժամանակահատվածներում խորհուրդ է տրվում ճանապարհներին (անտառի մուտքի մոտ) ստեղծել հսկիչ կետեր` վարորդներին ու բնակիչներին հրդեհային անվտանգության կանոնների պահպանման մասին նախազգուշացնելու նպատակով: Սակայն, որքան էլ ցավալի է, դեռևս մեր շրջապատում քիչ չեն մարդիկ, որոնք իրենց անփութությամբ վնաս են պատճառում անտառին: Ամեն տարի ամռանը տարերային գործոնների և բնակչության անզգուշության հետևանքով անտառներում և խոտածածկ տարածքներում տեղ-տեղ բռնկվում են հրդեհներ, որոնք լուրջ վտանգ են ներկայացնում տնտեսությանը, մարդկանց կյանքին ու անվտանգությանը: Հրշեջները պատրաստ են կատարել իրենց վրա դրված պարտականությունները, սակայն պետք է հասկանալ, որ ֆիզիկապես անհնար է անտառն ամբողջությամբ և մշտապես պահել ուշադրության կենտրոնում: Ոչ մի վերահսկողություն և տեխնիկա ցանկալի արդյունք չի տա, եթե հենց իրենք` քաղաքացիները, ըմբռնումով չվերաբերվեն մեր ընդհանուր հարստության պահպանման գործին: Հիշեք, որ անտառներում հրդեհային անվտանգության կանոնների խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն:

Նմանատիպ նյութեր