211652_close_icon
views-count4498 դիտում article-date 19:07 26-06-2017

Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմը ցուցադրվել է Շանհայի միջազգային փառատոնում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմը Շանհայի 20-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում, որտեղ ֆիլմն ընտրվել էր «Panorama» ոչ մրցութային ծրագրում, ցուցադրվեց 5 անգամ, իսկ գլխավոր՝ պաշտոնական ցուցադրությունը կայացավ հունիսի 25-ին։ Այդ առիթով Շանհայ էին ժամանել ֆիլմի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը, ֆիլմի լիտվացի պրոդյուսեր Կեստուտիս Դրազդաուսկասը և ԱՄՆ-ից ֆիլմի գործադիր պրոդյուսեր Ադրինե Միրզայանը: Հանդիսատեսի շարքերը համալրել էին ոչ միայն չինացիները, օտարազգիները, այլ նաև ներկա էին Չինաստանում հայկական համայնքի անդամներ, մամուլի ներկայացուցիչներ, ինչպես նաև փառատոնի կազմակերպիչներն ու ներկայացուցիչները, ովքեր ի սկզբանե բարձր են գնահատել և առանձնահատուկ կարևորություն են տվել ֆիլմին։ «Վերջին բնակիչը» շատ ջերմորեն ընդունվեց և բարձր գնահատանքի արժանացավ ոչ միայն չին հանդիսատեսի, այլ նաև մասնագիտական շրջանակների կողմից։ Ֆիլմի ավարտից հետո տեղի ունեցավ հանդիսատեսի հանդիպում՝ ստեղծագործական խմբի ներկայացուցիչների հետ։ Հնչեցին տարաբնույթ հարցեր՝ թե՛ ֆիլմի պատմության և թե՛ առհասարակ հայկական կինոյի վերաբերյալ։ Չինացիների մեկնաբանությունները՝ «Վերջին բնակիչը» ֆիլմին, նրանց մոտեցումները արցախյան կոնֆլիկտին ու հայկական պատմությանը, որոնց արտահայտման շարժառիթը հանդիսացավ «Վերջին բնակիչը», նշանակալից դարձան ռեժիսորի համար։ «Զարմանալի է, որ չինացիներին հետաքրքրեց ղարաբաղյան կոնֆլիկտը, իսկ դրանից բխող՝ հետաքրքրեց նաև Արցախի ներկայիս դրությունը,- ասում է ֆիլմի ռեժիսորը և հավելում,- Արցախի ներկայիս իրավիճակի մասին հանգամանալից ներկայացնելուց հետո, նրանց կողմից հետաքրքրությունը կրկնապատկվեց՝ կապված արդեն ղարաբաղյան հիմնախնդրի լուծման հետ։ Սա մեզ ոգեշնչում է էլ ավելի հաստատուն քայլերով առաջ ընթանալ, ներկայացնել հայկական պատմությունն ու կինեմատոգրաֆիան միջազգային տարբեր հարթակներում՝ աշխարհի մասշտաբով»։ Ֆիլմի գործադիր պրոդյուսեր Ադրինե Միրզայանն էլ անդրադարձավ ֆիլմի անցած ուղուն, կարևորեց ֆիլմի՝ միջազգային ոլորտում ներկայացված լինելու, այդ թվում՝ «Ոսկե գլոբուս» ամենամյա մրցանակաբաշխությանը առաջադրվելու հանգամանքը: Նա կարևորեց տարբեր կինոշուկաներում ներգրավվածությունը, նշելով Կաննի միջազգային կինոշուկայում ունեցած մասնակցությունը, որտեղ, արդյունավետ հանդիպումների արդյունքում, ֆիլմը համաշխարհային դիստրիբյուրտոր ունեցավ։ «Շատ կարևոր է նաև, որ «Վերջին բնակիչը» ֆիլմը հասել է այն նշաձողին, որ Շանհայի միջազգային առաջատար կինոփառատոնն ընդգրկել է ֆիլմն իր «Panorama» ծրագրում, դա մեծ պատիվ է թե՛ հայրենիքում գտնվող հայերի, թե՛ սփյուռքահայերի համար»,- հավելեց ֆիլմի գործադիր պրոդյուսերը։ Ֆիլմի Լիտվացի պրոդյուսեր Կեստուտիս Դրազդաուսկասն էլ իր խոսքում կարևորեց ֆիլմի համամարդկային ասելիքը․ «Ջիվան Ավետիսյանը աշխարհին պատմում է Արցախի, ղարաբաղյան հակամարտության մասին։ Մարդ, ով այդ կոնֆլիկտի ժամանակ ապրել է Ղարաբաղում և ունի ներքին հիշողություններ, որոնք ավելի խորն ու համոզիչ են դարձրել ֆիլմի պատմությունը։ Եվ շատ կարևոր է, որ ֆիլմն այժմ ապրում է, ինչի վառ ապացոյցն է նաև Շանհայի կինոփառատոնում ընդգրկվածությունը, սա կրկին անգամ վստահություն է ներշնչում, որ համամարդկային ասելիքով ճիշտ ներկայացված՝ փոքր պետության կոնֆլիկտը ընդունում և ընկալում են աշխարհի տարբեր մասերում»,- ասում է պրոդյուսերը։ Նա մեծ հավատով է լցված դեպի հայ-ադրբեջանական կոնֆլիկտի լուծումը, դեպի խաղաղությունը․ «Մենք հավատում ենք, որ այս հակամարտությունը կլուծվի, հավատում ենք Ջիվանի լավատեսությանը, որը մեզ ուժ է տալիս լինել նրա կողքին և առաջ ընթանալ»,- հավելեց պրոդյուսերը։ Չինաստանի հայ համայնքի անդամների քննարկում-զրույցը՝ անձնակազմի անդամների հետ, շարունակվեց ավելի ջերմ մթնոլորտում, որն ազդարարեց նոր ընկերական անկեղծ փոխհարաբերությունների սկիզբը։ Հայ համայնքի անդամները՝ ուսանողներ, գործարարներ, մեծ ոգևորությամբ և հպարտությամբ ընդունեցին ֆիլմը Չինաստանում։ «Ողջունելի է, որ աշխարհի տարբեր անկյուններում հայերին միավորում է արվեստը, մշակույթը, սեփական արմատների վերագտնումն ու վերապրումը»,- անկեղծանում է Ջիվան Ավետիսյանը։ Շանհայի միջազգային՝ Ա կարգի այս կինոփառատոնը նոր ուղի բացեց «Վերջին բնակիչը» ֆիլմի փառատոնային արշավի համար․ մասնակցության առաջարկներ եղան նաև չինական Silk Road International Film Festival –ի, իտալական Salento International Film Festiva-ի և այլ կինոփառատոնների կողմից, որոնց, առաջիկայում, ռեժիսորը պլանավորում է ներկայացնել ֆիլմը։ «Վերջին բնակիչը» ֆիլմը հաղթական քայլերով առաջ է ընթանում՝ արժանապատիվ ներկայացնելու համար մեր երկիրը, մշակույթը, պատմությունն ու մեր ժողովրդին՝ միջազգային առաջնակարգ կինոփառատոններում։ «Սա պայքար է, որն ունեցել է սկիզբ, և պետք է ամեն ջանք գործադրենք, չդադարենք աշխատել և գնանք մինչև վերջ։ Իհարկե, ցավում եմ, որ Շանհայի կինոփառատոնի մրցութային ծրագրում հայկական կինոն բացակայում էր, հաղթեցին լեհերը, ռուսները, պարսիկները, բայց սփոփող է այն հանգամանքը, որ մենք ներկա էինք այնտեղ, մեր՝ «Վերջին բնակիչը» ֆիլմով, որը ցուցադրվեց, «Panorama» ոչ մրցութային ծրագրում»։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+

Նմանատիպ նյութեր