211652_close_icon
views-count36208 դիտում article-date 19:36 24-06-2017

Քննությունների առաջին փուլն ավարտվեց. ամենաբարձր գնահատակակններն անգլերենից են, ամենացածրը՝ ռուսերենից

Միասնական քննություններն անցել են հարթ և խաղաղ պայմաններում։ [url=https://armenpress.am/arm/news/896282/miasnakan-qnnutyunnery-hayastanum-ancel-en-bavakanin.html]«Արմենպրես»[/url]-ի հետ զրույցում Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) տնօրեն Արայիկ Իսպիրյանն ասաց, որ Հայաստանում 2017 թվականի միասնական քննությունների առաջին փուլում Գնահատման և թեստավորման կենտրոնը ընթացակարգային կամ բովանդակային դիմումներ չի ստացել։ «Այս տարվա քննությունները իդեալական են անցել։ Նախորդ տարիների համեմատ գնահատականները տարբեր են։ Եթե ընդհանուր գնահատենք, ամենաբարձր ցուցանիշները եղել են օտար լեզուներից, որտեղ միջին միավորը 15-ն էր։ Ամենացածր միավորները ունեցել ենք ռուսաց լեզվից և ֆիզիկայից։ Ֆիզիկայի դեպքում միջին միավորը 11-ն էր, իսկ ռուսաց լեզվից՝ 10»։ Հունիսի 23-ին՝ ռուսաց լեզվի քննությանը պետք է մասնակցեր 547 դիմորդ, բայց բացակաների թիվը ԳԹԿ տնօրենը դեռ չասաց, քանի որ դեռ մշակման փուլում է։ Նրա խոսքով՝ կա նախնական հետազոտություն՝ ռուսաց լեզվի միջին միավորը մոտ 10 է։ Այդ առարկայից ավելի հստակ տվյալներ, Արայիկ Իսպիրյանի պնդմամբ, կլինեն հունիսի 26-ին։ «Այս պահին կարող եմ ասել, որ կարծես թե երկու հոգի 20 են ստացել, բայց դա դեռ վերջնական մշակումը չի։ Հետազոտված է միայն 60 տոկոսը»,- նշեց Իսպիրյանը։ ԳԹԿ տնօրենը ներկայացրեց նաև հունիսի 20-ին «Հայոց պատմություն» առարկայից քննության գնահատականները։ «Հայոց պատմության քննությանը մասնակցել է 1167 դիմորդ։ Անբավարար գնահատական են ստացել մասնակից դիմորդների 16,5 տոկոսը։ Առավելագույն 20 միավոր է ստացել 35 հոգի»,- նշեց Արայիկ Իսպիրյանը։ «Քիմիա» առարկայի քննությանը մասնակցել է 928 դիմորդ։ Նրանցից 15,5 տոկոսն անբավարար է ստացել, իսկ 20 միավոր է ստացել մասնակիցներից 44-ը։ Հունիսի 23-ը Հայաստանում միասնական քննությունների առաջին փուլի վերջին օրն էր։

Նմանատիպ նյութեր