64477 դիտում
23:23 21-06-2017
Խոշոր ավտովթար Սպիտակի ոլորաններում. «Մասիս Տոբակո» ընկերությանը պատկանող վրացական համարանիշներով Renault բեռնատարը ԱԺ նախկին պատգամավորի ռեստորանի մոտ կողաշրջվել է. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում Renault մակնիշի բեռնատար ավտոմեքենայի վարորդը Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Սպիտասկի ոլորաններում «Ծաղկունք» ռեստորանային համալիրի դիմաց, դեռևս անհայտ պայմաններում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սպիտակի բժշկական կենտրոն:
Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Սպիտակի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը:
Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է վիրավոր վարորդի ինքնությունը:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վարորդը Վրաստանի Հանրապետության քաղաքացի է և մեքենան բարձված է ծխախոտով և այն տեղափոխվում էր «Մասիս Տոբակո« ընկերություն:
Վիրավորին, մինչ փրկարարների ժամանումը, օգնություն են ցուցաբերել Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հովհաննես Սահակյանին պատկանող «Ծաղկունք» ռեստորանային համալիրի աշխատակիցներն ու այդ պահին նշված վայրով անցնող քաղաքացիները:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+