211652_close_icon
views-count10353 դիտում article-date 18:29 21-06-2017

Ավագանին անվերջ ձգձգում է Ազգալդյանի անունով փողոց հիմնելը

«ԵԼՔ» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը դիմել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին. Հարգելի՛ պարոն Մարգարյան, Այսօր լրանում է Արցախյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանի մահվան 25-րդ տարելիցը: Մենք պարտավոր ենք մեր քաղաքացիներին մշտապես պատմենք, հիշեցնենք նման հերոսների մասին: Սակայն անհասկանալի կերպով արդեն տևական ժամանակ է, ինչ ձգձգվում է Լեոնիդ Ազգալդյանի անունով փողոցի անվանակոչումը: Այդ հարցով ավագանու անդամ Անահիտ Բախշյանի նախաձեռնությունը նախորդ գումարման ավագանին անժամկետ հետաձգվել է: «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ կետով և «Երևան քաղաքի ավագանու կանոնակարգի» 25-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով սահմանած կարգով քաղաքացիական նախաձեռնությունը հունվար ամսին 8932 (ութ հազար ինը հարյուր երեսուներկու) ստորագրություն է ներկայացրել ավագանուն՝ «Լենինգրադյան փողոցը Լեոնիդ Ազգալդյանի անունով կոչելու» հարցով: Հաշվի առնելով վերոնշյալը՝ խնդրում եմ Ձեզ տրամադրել տեղեկություն այն մասին, թե ինչու սույն նախաձեռնության կողմից բարձրացված հարցը չի քննարկվել ավագանիում սահմանված ժամկետներում, երբ է այն ներկայացվելու ավագանու նիստում և ինչ փուլում է գտնվում տվյալ հարցի քննարկումը: Հարգանքով՝ Արայիկ Հարությունյան «ԵԼՔ» խմբակցության անդամ

Նմանատիպ նյութեր