Քննարկվել են Հայաստանում GSP+ առևտրային ռեժիմից օգտվելու քաղաքական և իրավական նախապայմանները
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանն այսօր հանդիպել է ԵՄ «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգ» (GSP+) հարցերով Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը:
Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին:
Պատվիրակությունը Հայաստան է ժամանել GSP+ առևտրային ռեժիմի դիտանցման փուլի գործընթացի շրջանակում և նախատեսում է հանդիպումներ ՀՀ համապատասխան նախարարությունների և գերատեսչությունների, գործարար համայնքի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և այլ շահագրգիռ մարմինների հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում GSP+ ռեժիմի կիրառման, GSP+-ից օգտվելու նախապայման հանդիսացող մարդու իրավունքներին, աշխատանքային իրավունքներին, բնապահպանությանը և արդյունավետ կառավարմանը վերաբերող 27 միջազգային կոնվենցիաների իրականացմանը, GSP+ առևտրային ռեժիմի դիտանցման շրջանակնում Հայաստանի կողմից տրամադրված զեկույցին, ինչպես նաև առաքելության ընթացքում նախատեսված հանդիպումներին առնչվող հարցեր:
Այցի շրջանակում նախատեսվում է նաև ԵՄ «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգին» (GSP+) նվիրված տեղեկատվական միջոցառում-քննարկում գործարար համայնքի ներկայացուցիչների հետ, որը տեղի կունենա հունիսի 22-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում: