211652_close_icon
views-count12505 դիտում article-date 13:49 20-06-2017

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է անվանի կոմպոզիտոր Գիա Կանչելիին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Վրաստանի և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Գիա Կանչելիին, ով ժամանել է Հայաստան հունիսի 18-20-ը Երևանում անցկացվող Կանչելիին նվիրված փառատոնին մասնակցելու նպատակով: Ողջունելով անվանի կոմպոզիտորին՝ Հանրապետության Նախագահը նշել է, որ Հայաստանում շատ սիրում ու բարձր են գնահատում Գիա Կանչելիի արվեստը, ինչի վկայությունն է նրան նվիրված երևանյան փառատոնը: Այն, ըստ Նախագահի, կոմպոզիտոր Կանչելիի երաժշտական ժառանգության նկատմամբ հայ հանդիսատեսի սիրո և ճանաչման լավագույն դրսևորումն է: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանում մշտապես ուրախ են հյուրընկալելու ճանաչված կոմպոզիտորին, ով իր մեծ ներդրումն ունի հայ և վրացի ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում: Գիա Կանչելին նշել է, որ իր ստեղծագործական գործունեության մի զգալի ժամանակահատված ուղղակիորեն կապված է Հայաստանի հետ՝ իր յոթ սիմֆոնիաներից վեցը գրել է Դիլիջանի կոմպոզիտորների ստեղծագործական տանը և այդ կապակցությամբ երկար ժամանակ է անցկացրել Հայաստանում՝ ձեռք բերելով անկրկնելի ընկերներ հայ կոմպոզիտորների շրջանում: Անվանի մտավորականը ջերմությամբ է հիշել նրանց հետ հանդիպումներն ու շփումները՝ ընդգծելով, որ դրանցով մինչ այսօր հպարտանում է: Նշելով, որ հայ-վրացական հարաբերություններն այսօր գտնվում են բավականին բարձր մակարդակի վրա, տարեցտարի առավել ամրապնդվում և խորանում են բարիդրացիական կապերը երկու ժողովուրդների միջև, զրուցակիցները համակարծիք են եղել, որ անհրաժեշտ է ավագ սերնդի ներկայացուցիչների, այդ թվում՝ անվանի մարդկանց մեծ բարեկամության օրինակների վրա շարունակել կրթել ու դաստիարակել երիտասարդ սերնդին՝ խրախուսելով ակտիվ շփումները մշակույթի ոլորտում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր