Խորենացի փողոցի մսի վաճառքի կետերի բարելավումը շարունակվում է. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ջանքերի արդյունքում՝ շարունակվում են վերանորոգվել մայրաքաղաքի Խորենացի փողոցի մսի տաղավարները՝ բարելավելով մսի վաճառքի սանիտարահիգիենիկ պայմանները:
Հունիսի 12-ին բացվել է հերթական՝ Խորենացի 62 հասցեում գործող՝ վերանորոգված և մսի շուկայահանմանը ներկայացվող բոլոր պահանջներին համապատասխանող, անհատ ձեռնարկատեր Տիգրան Գզրայանին պպատկանող մսի վաճառքի տաղավարը:
Հիշեցնենք, որ Ծառայությունը դեռ նախորդ տարեվերջից է սկսել մսի իրացման շուկայում տնտեսավարողներին ներկայացնել մսի շուկայահանման համար նախատեսված անասնաբուժասանիտարական անվտանգության և հիգիենիկ բոլոր պահանջները, տրամադրել անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվություն՝ թե շրջայցերի, թե մի շարք հանդիպումների ու քննարկումների միջոցով և որոշակի ժամանակ տվել՝ անհրաժեշտ վերանորոգումները կատարելու և պայմանները բարելավելու համար:
Արդյունքում՝ ոչ միայն պակասել են Գումի շուկայամերձ տարածքի անմխիթար վիճակի առումով հնչող բողոքները, այլև, ըստ վաճառակետերի սեփականատերերի, ավելացել են իրացման ծավալները:
Մսի իրացման կետերի համապատասխանեցումը օրենսդրությամբ սահմանված բոլոր պահանջներին շարունակում է մնալ ՍԱՊԾ ուշադրության կենտրոնում՝ որպես պետական այս կառույցի գործունեության առաջնահերթություններից մեկը: