211652_close_icon

Եղեք մեր խամաճիկները, թե չէ կկտրենք ձեր գազը․ «Առավոտ»

views-count3200 դիտում article-date 10:46 08-06-2017
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Իրանը պետության դարավոր փորձ ունի, տեսանելի պատմական անցյալում չի եղել այլ պետության կազմում, չի հանդիսացել մեկ այլ պետության գաղութը: Իրանցիները չեն ցանկանում լինել որևէ մեկի խամաճիկը: Դա ստիպում է մնացած աշխարհին հարգել մեր հարևաններին: Բայց, մյուս կողմից, նրանք, ովքեր գերադասում են գործ ունենալ խամաճիկների հետ (իսկ այս պահին նման երկու երկիր կա՝ Ռուսաստան և Միացյալ Նահանգներ), այդ երկու երկրների ղեկավարությանը ինքնուրույն լինելու ձգտումը նյարդայնացնում է: «Շեֆերի» այդ նյարդայնությունն ավելանում է այն պարագայում, երբ խամաճիկներին սիրող երկրներում իշխանության են գալիս բիզնեսմենները: Դոնալդ Թրամփն այցելեց Սաուդյան Արաբիա, հարյուրավոր միլիարդների «փող կպցրեց» զենքի վաճառքի վրա, հայտարարեց, որ Իրանն աշխարհի ամենասարսափելի սպառնալիքն է (հօգուտ այդ պնդման որևէ փաստարկ չբերելով), այնուհետև Սաուդյան Արաբիան և ԱՄՆ-ի այլ խամաճիկներ հայտարարեցին, որ ահաբեկչության սպառնալիքը գալիս է Կատարից (ոչ թե հենց իրենցից), որից հետո ահաբեկիչները հարձակումներ գործեցին հենց Իրանում: Ահա իրադարձությունների պարզ շղթան, որի հիմքում, բնականաբար, ընկած է նավթից և զենքից «փող կպցնելը»: Իհարկե, ոչ մեկին պետք չէ իդեալականացնել կամ դեմոնացնել՝ պետություններն առաջնորդվում են իրենց շահերով: Պարզապես ինձ չի թվում, որ 21-րդ դարի երկրորդ տասնամյակում այդ շահերը խարսխված են բացառապես ածխաջրածնային ռեսուրսների շուրջ և պարփակվում են նավթ ծախելու, ռումբեր գնելու և այդ ռումբերով նոր նավթահորեր նվաճելու փակ ցիկլի մեջ: «Խամաճիկներ սիրող» ավելի թույլ և աղքատ երկիր կա՝ Ռուսաստանը, որը գործում է նույն տրամաբանությամբ՝ «եղեք մեր խամաճիկները, թե չէ կկտրենք ձեր գազը, չենք թողնի, որ դուք նավթ վաճառեք, կամ զենք կտանք ձեր հակառակորդներին»: Իսկ դուք չե՞ք մտածում, որ 21-րդ դարում կգա մի օր, երբ ձեր նավթն ու գազը ոչ մեկին պետք չեն լինելու: Այնպես որ, չարժե նյարդայնանալ, երբ ազգերը հրաժարվում են լինել ձեր խամաճիկը, փորձեք ձեռք բերել անկեղծ բարեկամներ: Հայաստանում նույնպես անցած տարվա ապրիլին դրսևորվեցին ինքնուրույն պետական մտածողության սաղմեր: Դրանք ի հայտ եկան ոչ այնքան պետական կամ քաղաքական վերնախավի, որքան սահմանին կանգնած 18-20 տարեկան երիտասարդների մոտ: Նրանք իրենց հերոսությամբ կարծես թե ասացին՝ «կարևոր չէ՝ այնտեղ՝ թիկունքում, լավ է, թե վատ, մենք միևնույն է՝ պաշտպանելու ենք մեր հողը»: Նրանց համար, ովքեր այդ բախումը խրախուսեցին (այսինքն՝ Կրեմլի համար), այդ մոտեցումը, կարծում եմ, անսպասելի էր: Դա կարող է տարակուսանքի մեջ գցել կոնֆլիկտը «բզբզողներին», կարող է նույնիսկ նյարդայնացնել նրանց: Բայց նաև կստիպի, որ մեզ ինչ-որ չափով հարգեն: Ո՞ր չափով՝ կախված է վերոհիշյալ վերնախավից»: [b]Ամբողջությամբ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր