Աֆղանստանի մայրաքաղաքում բողոքի ցույցեր են. ընդդիմությունը ահաբեկչական պայթյունից հետո պահանջում է կառավարության հրաժարականը
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում բողոքի մեծ ցույց է ընթանում առավոտից, հաղորդում է Reuters գործակալությունը։
Ակցիան կազմակերպել են երկրի ընդդիմադիր ուժերը։ Ցուցարարները պահանջում են, որպեսզի կառավարության ղեկավար Աշրաֆ Ղանին հրաժարական տա երեկվա խոշոր ահաբեկչությունից հետո։
Ոստիկանությունը փորձում է օդ կրակելու միջոցով զսպել ցուցարարներին։
Քաբուլի փողոցներ են դուրս եկել հազարից ավելի քաղաքացիներ և երթով շարժվել են դեպի Գերմանիայի դեսպանատնից ոչ հեռու գտնվող տարածքը, որտեղ երեկ տեղի է ունեցել պայթյունը։
Հիշեցնենք, որ երեկվա խոշոր ահաբեկչությունը խլել է 90-ից ավելի մարդու կյանք։