Մեկնարկեց Եվրոպայի շախմատի անհատական առաջնությունը
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայացավ Եվրոպայի շախմատի անհատական առաջնության առաջին տուրը:
Մրցաշարի առաջին տուրում գրանցվեցին մի շարք անակնկալներ. առաջնության առաջին և երկրորդ դասակարգված շախմատիստները՝ Դավիդ Նավարան և Դմիտրի Անդրեյկինը, չկարողացան հաղթել իրենց մրցակիցներին, իսկ Ուկրաինան ներկայացնող հանրահայտ գրոսմայստեր Անտոն Կորոբովը պարտվեց իտալացի միջազգային վարպետ Պիեր Լուիջի Բասսոյին:
Հայաստանի ներկայացուցիչներից առաջին տուրում հաղթանակներ տոնեցին Սերգեյ Մովսեսյանը, Արտաշես Մինասյանը, Հրանտ Մելքումյանը, Հովհաննես Գաբուզյանը, Զավեն Անդրիասյանը, Արման Փաշիկյանը, Մանուէլ Պետրոսյանը, Տիգրան Հարությունյանը, Հայկ Մարտիրոսյանը և Գևորգ Հարությունյանը:
Մրցաշարի առաջին տուրում պատանի շախմատիստներ Արամ Հակոբյանը և Դավիթ Միրզոյանը ոչ-ոքի խաղացին իրենցից շուրջ 250 կետ բարձր գործակից ունեցող գրոսմայստերների՝ Դուդա Յան Քշիշտոֆի և Գրիգորի Օպարինի հետ:
Մրցաշարը ոչ-ոքի արդյունքով սկսեց նաև Գաբրիել Սարգսյանը: Եվրոպայի առաջնության առաջին տուրում անակնկալ պարտություն կրեց Սամվել Տեր-Սահակյանը: