Արամ Հակոբյանը` «Աշխարհի պատանի աստղեր» մրցաշարի երրորդ մրցանակակիր
Ռուսաստանի Կիրիշի քաղաքում ավարտվեց «Աշխարհի պատանի աստղեր» միջազգային մրցաշար, որը հանդիսանում է Եվրոպայի պատանեկան «Գրան Պրի»-ի խաղարկության առաջին փուլը:
Վերջին տուրում մրցաշարի ամբողջ ընթացքում աղյուսակը գլխավորող Արամ Հակոբյանը պարտություն կրեց Կաասեն Տոր Ֆրեդրիկից, իսկ Շանթ Սարգսյանը ոչ-ոքի խաղաց Լամպրոս Գյանոուլակիսի հետ: Մրցաշարի վերջին տուրում Սերգեյ Լոբանովը կարևոր հաղթանակ տոնեց Պաուլուս Պուլտինյավիչյուսի նկատմամբ, իսկ Կիրիլ Շուբինը ոչ-ոքի խաղաց Նիկոլոզի Կաչարավայի հետ:
Արդյունքում, Ռուսաստանի երկու ներկայացուցիչները՝ Կիրիլ Շուբինը և Սերգեյ Լոբանովը, վաստակեցին 7.5-ական միավոր և կիսեցին 1-2-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո մրցաշարի հաղթող դարձավ Կիրիլ Շուբինը, Սերգեյ Լոբանովը գրավեց 2-րդ հորիզոնականը, իսկ Արամ Հակոբյանը 7 միավորով եզրափակեց լավագույն եռյակը:
Նշենք, որ Արամ Հակոբյանը մրցաշարի ընթացքում հաղթանակ էր տոնել թե′ Կիրիլ Շուբինի, թե′ Սերգեյ Լոբանովի նկատմամբ: 3 մասնակից՝ Շանթ Սարգսյանը, Կիրիլ Շևչենկոն և Լամպրոս Գյանոուլակիսը, վաստակեցին 6.5-ական միավոր և կիսեցին 4-6-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ավելի բարձր ցուցանիշների շնորհիվ Շանթ Սարգսյանը գրավեց 4-րդ հորիզոնականը, Կիրիլ Շևչենկոն դարձավ հինգերորդը, իսկ Լամպրոս Գյանոուլակիսը զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը:
Մրցաշարը հանդիսանում էր Եվրոպայի պատանեկան «Գրան Պրի»-ի խաղարկության առաջին փուլը: Պատանեկան «Գրան Պրի»-ի 2-րդ փուլը տեղի է ունենալու ս.թ. հոկտեմբերի 3-16-ը Ջերմուկում, իսկ 3-րդ մրցաշարը Կիրիշի քաղաքում` 2018 թվականի մայիս ամսին: