Սպիտակ Տունը «մեկնաբանել է» Թրամփի կողմից Չեռնոգորիայի վարչապետին կոպտորեն հրելու միջադեպը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Սպիտակ Տան պաշտոնական ներկայացուցիչ Շոն Սփայսերը մեկնաբանել է նախօրեին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Չեռնոգորիայի վարչապետ Դուշկո Մարկովիչի նկատմամբ ցուցաբերած ոչ պատշաճ վերաբերմունքը, երբ վերջինս Մարկովիչին հրելով իր համար տեղ է բացում, որպեսզի կանգնի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենց Սթոլթենբերգի կողքին, հաղորդում է Ria Novosti-ն։
Տեսագրությունն արագորեն տարածվել է համացանցում՝ առաջացնելով շատերի զայրույթն ու դժգոհությունը։
«Ես այդ տեսանյութը չեմ տեսել»,-հայտարարել է Սփայսերը։ Սակայն նշել է, որ լուսանկարվելու համար նախապես հստակեցվել է նախագահների շարվելը, և, ինչպես ինքն է ենթադրում, Թրամփը ցանկացել է կանգնել այնտեղ, որտեղ իր տեղն էր նախատեսված։
Չեռնոգորիայի վարչապետն իր հերթին հայտարարել է, որ Թրամփի կողմից իրեն հրելը պատահաբար է եղել և ինքը դրա վրա ուշադրություն չի դարձրել։