2691 դիտում
16:56 12-05-2017
Տարոն Մարգարյանը ծանոթացել է Կենդանաբանական այգու վերակառուցման և զարգացման ծրագրի 2-րդ փուլի աշխատանքների ընթացքին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Երևանի կենդանաբանական այգի կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծանոթացել է համայնքային բյուջեի միջոցներով այգում իրականացվող վերակառուցման և զարգացման ծրագրի երկրորդ փուլի աշխատանքներին: Քաղաքապետի տեղակալներ Վահե Նիկոյանի և Արամ Սուքիասյանի, ինչպես նաև այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի ուղեկցությամբ Երևանի քաղաքապետը շրջել է տարածքում, հետևել աշխատանքների ընթացքին: Ներկայացնելով ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքների մանրամասները՝ պատասխանատուները նշել են, որ արդեն ավարտական փուլում է գայլերի, արջերի և առյուծների համար նախատեսված, միջազգային չափորոշիչներին համապատասխան նոր ազատավանդակների կառուցումը:
Մասնավորապես նշվել է, որ գայլերի և արջերի ազատավանդակի կառուցման արդյունքում այգու օգտագործելի տարածքը կավելանա շուրջ 6000 քմ-ով: Այն կունենա նաև համապատասխան դիտահարթակներ, որոնց շնորհիվ այցելուները հնարավորություն կունենան անվտանգ հեռավորությունից և հարմար դիրքից հետևելու կենդանիներին: Նորովի ու ինքնատիպ լուծումներով կառանձնանա նաև առյուծների ազատավանդակը: Շուրջ 3500 քմ տարածք զբաղեցնող այս ազատավանդակն էլ կունենա հարակից ժայռեր ու արհեստական ջրվեժներ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանին ներկայացվել է նաև ծրագրի շրջանակում այգում կառուցվող կենդանիների ժամանակավոր պահման կարանտինային կենտրոնը: Պատասխանատուները նշել են, որ սա այգու համար կարևոր ձեռքբերում է լինելու, քանի որ ստեղծման օրից ի վեր այն երբևէ կարանտինային կենտրոն չի ունեցել:
Կենդանաբանական այգու տնօրենի հավաստմամբ` երկրորդ փուլի շրջանակում իրականացվող աշխատանքների արդյունքում ամբողջությամբ կավարտվի այգու վերակառուցման ծրագիրը, ու առաջիկա տարիներին այգում արդեն կիրականացվեն միայն զարգացման ծրագրեր: Օգտվելով առիթից՝ այգու տնօրենը շնորհակալություն է հայտնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ երկու փուլով իրականացված ծրագրի կյանքի կոչման հարցում ցուցաբերած վճռականության և հետևողականության համար՝ ընդգծելով, որ անցյալ դարի 40-ական թվականներին հիմնված այգում մինչ այս երբևէ չէին իրականացվել վերակառուցման նման լայնածավալ աշխատանքներ: Ռուբեն Խաչատրյանը նաև վստահեցրել է, որ վերակառուցման շնորհիվ Երևանի կենդանաբանական այգին այսօր դարձել է ոչ միայն տարածաշրջանի լավագույն համանման հանգստի գոտին, այլև ոլորտի միջազգային մասնագետների կողմից է ըստ արժանվույն գնահատվում:
Առանձնակի կարևորելով այգու դերն ու նշանակությունը ինչպես մայրաքաղաքի բնակիչների, այնպես էլ զբոսաշրջիկների լիարժեք հանգստի կազմակերպման համար, քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ հանձնարարել է ամենօրյա հսկողության տակ պահել աշխատանքների ընթացքն ու դրանք ավարտել սահմանված ժամկետներում, որպեսզի օր առաջ հանգստի գոտին հանձնվի լիարժեք շահագործման:
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ 2014թ.-ից մեկնարկած Երևանի կենդանաբանական այգու վերանորոգման և զարգացման ծրագրի առաջին փուլով համալիր բարեկարգման աշխատանքներ էին տարվել բոլոր ուղղություններով, որի շրջանակում, ենթակառուցվածքների արդիականացմանը զուգահեռ, այգին նորացվել, ինչպես նաև համալրվել է նոր ազատավանդակներով: Կառուցվել է նաև յուրօրինակ կղզի, ձիարշավարան ու հարմարավետ խաղահրապարակներ՝ այդ թվում նաև հենաշարժողական խնդիրներ ունեցող փոքրիկների համար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+
Նմանատիպ նյութեր
5444 դիտում
17:00 18-10-2017
Վարչապետը ծանոթացել է «Դվին» հյուրանոցային համալիրի վերակառուցման աշխատանքների ընթացքին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Այս բաժնից
673 դիտում
13:56 23-12-2024
Այդ քայլերը լինելու են ռադիկալ. Ավինյանը՝ Երևանում օդի որակի բարելավման մասին