211652_close_icon
views-count12083 դիտում article-date 22:41 06-05-2017

Ստեփանակերտում տեղի է ունեցել մայիսյան եռատոնին նվիրված տոնական համերգ

Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում տոնի նախօրեին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Շուշիի մասնաճյուղի նախաձեռնությամբ և ԱՀ պաշտպանության,մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունների աջակցությամբ տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված մայիսյան եռատոնին: Միջոցառմանը մասնակցում էին Արցախի տարբեր զորամասերից զինվորներ, ՀԱԱՀ-ի ուսանողներ, մանկապարտեզի սաներ, որոնք հանդես են եկել ասմունքով, հայրենասիրական երգերով և պարերով : Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանն ասել է, որ գնալով էլ ավելի է ամրապնդվում դպրոց-բանակ կապը: «Դրա վկայությունը այսօրվա միջոցառումն է: Բանակի և համալսարանի միացյալ ուժերով կազմակերպված այս միջոցառումն իսկական հայրենասիրության վառ արտահայտություններից է: Շնորհավորում եմ աշխարհի բոլոր հայերին, բոլոր նրանց, ովքեր Արցախը գնահատում են որպես մի երկիր, որն ունի հզոր բանակ, հյուրասեր ու նվիրված ժողովուրդ, ուր միշտ իշխում են համերաշխությունը, սերն ու միասնությունը »,-ասել է Ս. Ասրյանը: Միջոցառմանը ներկա էին Հայրենական մեծ պատերազմի վետերաններ, արցախյան և ապրիլյան պատերազմների մասնակիցներ, համալսարանի ռեկտոր Վահրամ Հայրապետյանը, պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողներ, հյուրեր և այլք:

Նմանատիպ նյութեր