Արցախցի մի խումբ երիտասարդներ հարգանքի տուրք են մատուցել հանուն հայրենիքի զոհվածների հիշատակին
Արցախի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ, «Ննջեցեք խաղաղությամբ. ձեր գործը շարունակում ենք» ծրագրի շրջանակներում այսօր Արցախի մի խումբ երիտասարդներ Ստեփանակերտի եղբայրական հուշահամալիրում իրենց հարգանքի տուրքն են մատուցել հայրենիքի պաշտպանության համար նահատակվածների հիշատակին:
Երիտասարդները մաքրել ու հարդարել են Ստեփանակերտի եղբայրական հուշահամալիրը և նրա հարակից տարածքում հանգչող հերոսների շիրմաքարերը:
ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության երիտասարդության հարցերի բաժնի պետ Դավիթ Ղուկասյանը նշել է, որ իրենց ամենամյա միջոցառումը նվիրված է Հաղթանակի տոնին, ԼՂՀ պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվան: «Ծրագրի նպատակն է, որ արցախցի երիտասարդներն նախ իմանան ու ճանաչեն մեր զոհված ազատամարտիկներին և գիտակցեն կատարած գործի արժեքն ու խորհուրդը՝ սրբավայր դարձնելով նրանց գերեզմանները: Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Շուշիի մասնաճյուղի մի խումբ ուսանողներ էլ այս ծրագրի շրջանակներում այցելել են Եռաբլուր. այնտեղ էլ ապրիլյան պատերազմի օրերին զոհվածների շիրիմներին են ծաղիկներ դրել և կատարել մաքրման աշխատանքներ,-ասել է Դ. Ղուկասյանը:
Միջոցառման մասնակցել են Արցախի հասարակական կազմակերպության անդամներ, ուսանողներ և կամավորականներ: