Մակրոնն ու Լը Պենը հարգանքի տուրք են մատուցել Հոլոքոստի զոհերի հիշատակին
Այսօր Հոլոքոստի զոհերի և բռնադատվածների հիշատակի օրն է: Ֆրանսիայի նախագահի թեկնածուներ Էմանուել Մակրոնը և Մարին Լը Պենը հարգանքի տուրք են մատուցել Հոլոքոստի զոհերի հիշատակին: Նրանք մասնակցել են հիշատակի միջոցառումներին, որոնք այսօր անցկացվել են Ֆրանսիայի մի շարք քաղաքներում:
Մարին Լը Պենը մեկնել է Մարսել, որտեղ ծաղիկներ է դրել բռնադատված զոհերի հուշարձանին, որը գտնվում է այն վայրում, որտեղ 1943թ. ապրիլի 20-ին գեստապոն ձերբակալել է 30 հրեա կանանց և երեխաների: Մարին Լը Պենն ու սենատոր Ստեփան Ռավյեն հարգանքի տուրք են մատուցել բոլոր զոհվածներին:
Իսկ Էմանուել Մակրոնը այցելել է Փարիզում գտնվող Հոլոքոստի զոհերի հուշակոթող: «Մենք երբեք չպետք է մոռանանք Հոլոքոստի սարսափները. պետք է զգոն լինենք»,- ասել է նախագահի թեկնածուն:
Ֆրանսիայում Հոլոքոստի զոհերի ճշգրիտ թիվը հստակեցված չէ: Սակայն ֆրանսիացի պատմաբանների վերջին գնահատականներով, բռնազավթման տարիներին Ֆրանսիայից հրեա բռնադատվածների թիվը կազմում է մոտ 100.000 մարդ: