211652_close_icon
views-count2215 դիտում article-date 20:17 28-04-2017

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Եվրասիական թռչնաբույծների ասոցիացիայի նախագահին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է Եվրասիական թռչնաբույծների ասոցիացիայի նախագահ Սերգեյ Շաբաևին, որը Հայաստան է ժամանել Թռչնաբույծների միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով: Հանդիպման նպատակն էր քննարկել Հայաստանում թռչնաբուծության ոլորտի ներկա վիճակը, առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները: Ներկայացնելով ոլորտի արդիական հարցերը` նախարար Իգնատի Առաքելյանը մասնավորապես կարևորել է հանրապետությունում թռչնամսի ինքնաբավության մակարդակի բարձրացումը: Անդրադարձ է կատարվել տեղական արտադրանքի մրցունակության բարձրացմանը, ոլորտում նորագույն տեխնոլոգիաների ներդրմանը, ինչպես նաև ծախսերի կրճատման միջոցով թռչնամսի ինքնարժեքի նվազեցման հնարավորությանը: Ընդգծելով, որ այսօր Հայաստանում միջոցներ են ձեռնարկվում կերարտադրության զարգացման ուղղությամբ` նախարարը կարևորել է թռչնակերի ներմուծումը տեղական արտադրությամբ փոխարինելու հարցը: Կողմերը քննարկել են տեղական բաղադրիչների օգտագործմամբ թռչնակերի վերամշակման հնարավոր եղանակները` առավել բարձրորակ կերերի ստացման նպատակով: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև թռչունների գենետիկայի բարելավմանը, թռչնաբուծարանների արդյունավետ գործունեությանը վերաբերող և այլ հարցեր: [b]ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր