211652_close_icon
views-count3275 դիտում article-date 22:48 17-02-2017

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչներին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի (ԻՀԱ) պատվիրակությանը, որը գլխավորում էր ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը: Հանդիպման նպատակն էր ուրվագծել գյուղատնտեսության ոլորտի առաջնային խնդիրները և քննարկել իրականացվող ծրագրերի շրջանակում ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համագործակցության հնարավոր եզրերը: Հանդիպման սկզբում Կարեն Զադոյանը տեղեկացրել է, որ ասոցիացիան Եվրոպական Միության օժանդակությամբ մի շարք գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ Հայաստանի մարզերում իրականացնում է 34 ամիս տևողությամբ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը, որը մեկնարկել է 2016 թվականի դեկտեմբերին: Նա նշել է, որ ծրագրի հիմնական նպատակն է վեր հանել մի շարք ոլորտներում, այդ թվում` նաև գյուղատնտեսության բնագավառում առկա խնդիրները և քաղաքացիական հասարակության ներգրավմամբ մշակել հանրային քաղաքականության նոր ծրագրեր: Նրա խոսքով` ծրագրով նախատեսվում է, մասնավորապես, Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու և Շիրակի մարզերում փորձագիտական օժանդակության միջոցով նպաստել այդ թվում գյուղատնտեսության ոլորտում հասարակական կազմակերպությունների ձևավորմանը և բնագավառի քաղաքականության մշակման և իրականացման գործընթացքում դրանց մասնակցության ապահովմանը: ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը ողջունել է ասոցիացիայի գործունեությունը և նշել, որ գործում է նախարարին կից հասարակական խորհուրդ, ինչպես նաև պարբերաբար հանդիպում է ոլորտի մասնագետների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ և կարևորագույն հարցերից է համարում գյուղատնտեսության ոլորտը կանոնակարգող միասնական փաստաթղթի՝ գյուղատնտեսության մասին օրենքի մշակումը: Նախարարը նշել է, որ նախարարության մասնագետները պատրաստակամ են գործուն աջակցություն ցուցաբերել, որպեսզի աշխատանքներն ավելի արդյունավետ և սեղմ ժամկետներում իրականացվեն: «Այսօր գյուղատնտեսության ոլորտում կան առանձին օրենքներ, բազմաթիվ հայեցակարգեր, որոնք թույլ չեն տալիս ապահովել ոլորտի միասնական կարգավորումը: Հնարավորության դեպքում մենք պատրաստ ենք միավորել այս խնդրի լուծմամբ շահագրգռված բոլոր ուժերին և քայլեր ձեռնարկել խնդրի ուսումնասիրման շուրջ», - նշել է նախարար Իգնատի Առաքելյանը: Քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: [b] ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր