Լիբանանի պլանավորման պետական նախարարն այցելել է Սփյուռքի նախարարություն
Ապրիլի 27-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Լիբանանի պլանավորման պետական նախարար Միշել Փարավոնին՝ տիկնոջ և ուղեկցող պատվիրակության հետ:
Ողջունելով հյուրին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորեց լիբանանյան նախարարի այցը Հայաստան:
Նախարարը մասնավորապես նշեց. « Ձեր այցը նոր ուղիներ կբացի հայ-լիբանանյան հարաբերություններում՝ և՛ կառավարման, և՛ բիզնես ոլորտներում: Մեր նախարարության խնդիրներից է Սփյուռքին տեղեկացնել մեր որդեգրած ներդրումային քաղաքականության, նրա օրենքների վերաբերյալ: Մեր կայքում 100-ից ավելի բիզնես ծրագրեր ենք դրել և փորձելու ենք դրանք տարածել նաև օտար բարեկամների շրջանում: Պետք է նպաստենք Լիբանանի և Հայաստանի միջև տուրիզմի զարգացմանը: Պետք է Լիբանանի հանրությանը ներկայացնել Հայաստանի առավելությունները»:
Միշել Փարավոնը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, շեշտեց, որ սիրով և ոգևորությամբ է այցելում Հայաստան։ Նա նշեց. « Սա իմ երկրորդ այցելությունն է Հայաստան, առաջին անգամ եղել եմ 1999 թվականին: Այս անգամ ավելի տպավորված եմ»: