Լուսակիրի բացակայության պատճառով հերթական խոշոր ավտովթարը Երևանում. բախվել են Mercedes-ն ու Opel-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        Այսօր՝ ապրիլի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում Մանթաշյան և Եղբայրության փողոցների խաչմերուկում բախվել են Mercedes E 320 մակնիշի 78 ՍT 887 համարանիշի և Opel Vectra  մակնիշի 34 PA 352 համարանիշի ավտոմեքենաները: 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով  4 հոգի մարմնական վնասվածքներով  տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն: 
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները: 
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի տեսուչներ Վարդգես Հովակիմյանն ու Աբրահամ Հովհաննիսյանը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ  բախման հետևանով  Opel-ը դուրս եկել ճանապարհի երթևեկելի  գոտուց և հայտնվել հետիոտնի  համար նախատեսված մայթին՝ բախվելով նաև գազատար խողովակի հենասյանը:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը  փոխանցել է ՃՈ ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել  ավագ հետաքննիչ Արտյոմ Բաբիկյանը,  ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: 
Հետաքննիչի  հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են  Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
Ճանապարհային ոստիկանությունը  բազամթիվ անգամ խոստացել է, որ նշված խաչմերուկում կվերականգնեն լուսակիրները, սակայն ստացվում է՝ «Էշ մի սատկի, գարուն կգա..» ու լուսակիրների բացակայության պատճառով ամեն օր վթարներ են տեղի ունենեում: Եթե ճանապարհային ոստիկանությունը  այս անգամ խոսքից չանցնի գործի՝ հետագայում ականատես կլինենք հերթական վթարների:
Վթարի հարևանությամբ բնակվող տարեցներն սում էին. «Սովետի ժամանակ սվետաֆորը կար, ինչն էլ կարգավորում էր երթևեկությունը այս խիտ խաչմերուկում: Սովետի փլուզումից հետո չգիտես որ ծալապակասի ուղեղող անցավ՝ սվետաֆորը հանեց ու հիմա՝ խնդրեմ՝ օրը մեջ վթարի ենք ականատես լինում»: 
Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների  ինքնությունը: 
Օպերատիվորեն  ժամանել են ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            


