211652_close_icon
views-count22986 դիտում article-date 23:28 15-04-2017

Վաղը Մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնն է

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ Նրա մարմինը իջեցրեցին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ՝ փակելով մեծ քարով: Երեք օր հետո` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սողոմեն, գնացին գերեզման՝ անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երևացին երկու հրեշտակ և ասացին. «Ինչո՞ւ ողջին մեռելների մեջ եք փնտրում: Այստեղ չէ, այլ՝ հարյավ» (Ղուկ. 24:5-6): Հարության լուրը կանայք ավետեցին առաքյալներին, որից հետո Հիսուս երևաց նրանց: Քրիստոսի Հարությունը դարձավ քրիստոնեական վարդապետության և հավատի հիմքը: «Եթե մեռելների հարություն չկա, ապա և Քրիստոս հարություն չի առել: Եվ եթե Քրիստոս Հարություն չի առել, իզուր է մեր քարոզությունը, իզուր է և ձեր հավատը» (Ա Կորնթ. 15:13-14): Ս. Հարության տոնի առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվում է տոնական Ս. Պատարագ: Ս. Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց» ավետիսով, պատասխանում՝ «Օրհնեալ է Յարութիւնը Քրիստոսի»: Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Կարմիր ներկված ձուն համարվում է Հարության և նոր կյանքի խորհրդանիշ: Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար: Ըստ Ս. Գրիգոր Տաթևացու՝ «Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետև ձուն օրինակ է աշխարհի», և ինչպես իմաստուններն են ասում. «Դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է Քրիստոսի արյունը: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը»: Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը Հայ Եկեղեցին նշում է հիսուն օր շարունակ՝ մինչև Հոգեգալստյան (Պենտեկոստե) տոն: Այս ընթացքը կոչվում է Հինանց շրջան կամ Հինունք, որը ծագում է «հիսունք» բառից: Հինանց շրջանի քառասուն օրերը Հարուցյալ Քրիստոսի՝ աշակերտներին երևալու և Աստծո արքայության մասին վկայություններ տալու հիշատակությունն են (Գործք 1:3), իսկ վերջին տասն օրերը նվիրված են Քրիստոսի Համբարձմանը: Հինանց շրջանը ավարտվում է Հոգեգալստյան տոնով: Համբարձումից տասն օր հետո, ըստ Քրիստոսի խոստման, առաքյալների վրա իջավ Աստծո Սուրբ Հոգին, և զորացած առաքյալները վկայեցին Քրիստոսին ամբողջ աշխարհով: Աղբյուրը՝ qahana.am

Նմանատիպ նյութեր