211652_close_icon

Ոչ մի թուրք, ադրբեջանցի, ռուս կամ ամերիկացի մեզ չի ստիպում, որ Դավթաշենում ծառեր կտրենք. «Առավոտ»

views-count4177 դիտում article-date 10:55 15-04-2017
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Բազմիցս կրկնված ճշմարտություն է. եթե որևէ անձ, որևէ կազմակերպություն կամ որևէ ազգ իր անհաջողությունների պատճառը փնտրում է իրենից դուրս, ապա այդ անհաջողությունները շարունակվելու են: Նույնը՝ ներքին կյանքում: Իշխանությունը վերջին ընտրություններում հաղթել է ընտրակաշառքի և վարչական ռեսուրսի՝ այսպես ասած, հարյուրավոր «Սասի Արտակների» շնրհիվ՝ դա ինձ համար ակնհայտ է: Բայց այդ արձանագրումը չի տալիս հետևյալ հարցի պատասխանը՝ իսկ ինչո՞ւ է պարտվել ընդդիմությունը: Պաշտոնական տվյալներով, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը ստացել է 29 950 ձայն, իսկ ՕՐՕ-ն՝ 32 508 ձայն (հատուկ բերում են «դժգոհների» թվերը): Որքան հասկանում եմ, այս քաղաքական ուժերի ներկայացուցիչները չեն պնդում, որ ստացել են ավելի շատ ձայն և այդ ձայները նրանցից գողացել են. նրանք ասում են, որ ՀՀԿ-ն է իրեն ինչ-որ ձևով հարյուր հազարավոր ձայներ ավելացրել: Չեմ ուզում վիճարկել այդ պնդումը՝ չնայած, օրինակ, երբ ասվում է, թե քվեարկել են 100 հազար գոյություն չունեցող հասցեներից, ապա ցանկալի է, թերևս, բերել դրանցից գոնե 10-ը: Բայց չխորանանք այդ խնդրի մեջ և ենթադրենք, որ ՀՀԿ-ի 770 441 ձայնից կես միլիոնը ինչ-որ անհայտ եղանակով կեղծվել է: Կմնա 270 441 ձայն: Դա կավելացնի՞ «Կոնգրես-ՀԺԿ»-ի և ՕՐՕ-ի ձայները: Իհարկե, ոչ: Հետևաբար, իրենց ստացած ձայների մասին այդ երկու քաղաքական ուժերը պետք է խորհեն, վերլուծութուններ անեն: Այսինքն՝ մտածեն, թե ինչ պետք է անեին, բայց չարեցին: Նման վերլուծություն ակնհայտորեն չի կատարվում: Դա էլ, իր հերթին, կասկածի տակ է դնում այդ երկու քաղաքական ուժերի ապագան: Եվ, հակառակը՝ ավելի հեռանկարային է դարձնում «Ելքը», որն իր ստացած 122 065 ձայների տերն է: Նույնն է, իհարկե, միջազգային մասշտաբով: Ոչ մի թուրք, ոչ մի ադրբեջանցի, ոչ մի ռուս կամ ամերիկացի մեզ չի ստիպում, որ մենք իրար նկատմամբ լցված լինենք խանդով կամ նախանձով, որ մեր չինովնիկները աչք ծակեն իրենց դղակներով: Կամ՝ որ մենք Դավթաշենում ծառեր կտրենք: Այստեղ նույնպես ընտրության հնարավորություն կա: Եվ թուրքերն այս հարցում կապ չունեն»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր