«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը դիմեց ՍԴ՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով
«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը քիչ առաջ դիմեց Սահմանադրական դատարան՝ 2017 թվականի ապրիլի 2-ին տեղի ունեցած ԱԺ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով: Լրագրողների հետ զրույցում փաստաբան Տիգրան Եգորյանն ասաց, որ ՍԴ մուտք է արել 2 դիմում. մեկը՝ դաշինքի անւնից, մյուսը՝ «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության շրջանակներում հանդես եկող հասարակական կազմակերպությունների և մի շարք քաղաքացիների անունից:
Որպես հիմնական փաստարկ Տիգրան Եգորյանն ասաց, որ 2017-ի ապրիլի 2-ին կայացած ԱԺ ընտրությունների ընթացքում չեն ապահովվել հիմնական սկզբունքները:
«Դրանք են՝ կամքի ազատ ձևավորումը, քվեարկության գաղտնիության իրավունքը, հատկապես վարչական ռեսուրսի չարաշահումը: Այս և այլ թերությունների պատճառով հնարավոր չի եղել արձանագրել ժողովրդի կամքն այնպիսին, ինչպիսին կա»:
Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժել էր ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի դիմումը։