Սիրիայի իշխանությունները հերքում են Իդլիբում քիմիական զենքի կիրառումը, իսկ ԱՄՆ–ի հարվածը «ագրեսիա են» անվանում
ԱՄՆ-ն հրթիռային հարված է հասցրել Սիրիայի կառավարական ավիաբազայի ուղղությամբ: 59 Tomahawk թևավոր հրթիռները արձակվել են Հոմս նահանգի «Շայրաթ» ավիաբազայի ուղղությամբ Միջերկրական ծովում տեղակայված ամերիկյան ռազմածովային նավերից:
Այս բազայի վրա, ըստ ամերիկյան իշխանությունների, տեղակայված են Սիրիայի կառավարական ուժերի ինքնաթիռները, որոնք մասնակցել են Իդլիբ նահանգում քիմիական զենքի կիրառմամբ հարձակմանը:
Տեղական ժամանակով 3:45-ին հասցված ավիահարվածի արդյունքում, ըստ նախնական տվյալների, կան զոհեր և վիրավորներ:
Ինչպես հայտնում է Associated Press-ը, սիրիական իշխանությունները, որոնք հերքում են Իդլիբում քիմիական զենքի կիրառումը, ԱՄՆ–ի հարվածը «ագրեսիա են» անվանել:
Կրեմլն արդեն արձագանքել է. «Վաշինգտոնի այս քայլը զգալի վնաս է հասցնում ռուս–ամերիկյան հարաբերություններին, որոնք առանց այդ էլ ողբալի վիճակում են գտնվում»: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Եվ ամենակարևորը, ինչպես կարծում է Պուտինը, այս քայլը մեզ չի մոտեցնում միջազգային ահաբեկչության դեմ պայքարի վերջնական նպատակին, այլ հակառակը՝ լուրջ խոչընդոտներ է ստեղծում դրա դեմ պայքարի նպատակով միջազգային կոալիցիայի ստեղծման և այս համաշխարհային չարիքին արդյունավետ հակազդեցության համար, ինչն, ի դեպ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռ իր նախընտրական քարոզարշավի ընթացքում հռչակել էր որպես հիմնական խնդիրներից մեկը», – ընդգծել է նա:
[url=https://jam-news.net/?p=30276&lang=hy]JAMnews[/url]