2546 դիտում
19:44 31-03-2017
ՊՆ զինծառայողի սպանության գործով կալանավորվել է ծառայակիցը, 2 պաշտոնատար անձի մեղադրանք է առաջադրվել
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ 5-րդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են պարտադիր ժամկետային երկու զինծառայողների՝ Գրիգոր Ավետիսյանի և Սուրեն Արամյանի` 2016 թվականի ապրիլի 6-ին մահացու հրազենային վիրավորում ստանալու դեպքի էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2016 թվականի ապրիլի 6-ին ՀՀ ՊՆ N զորամասի հրետանու կրակային դիրքում մահացու հրազենային վիրավորումներով հայտնաբերվել են պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Գրիգոր Հերմոնի Ավետիսյանը և Սուրեն Արթուրի Արամյանը:
Դեպքի առթիվ ԶՔԳՎ 5-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, մշակվել աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ իրականացվել են անհրաժեշտ քննչական գործողություններ։ Պարզվել է, որ դեպքի նախորդող օրը նշված զինծառայողների մասնակցությամբ տեղի է ունեցել լեզվակռիվ, որի ժամանակ հնչեցվել են հայհոյանքներ։
Նույն օրը՝ ժամը 21:00-ին, իրավապահ մարմիններին է ներկայացել ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Դ.Դումիկյանը և հայտնել, թե ինքն է սպանել համածառայակիցներ Գ.Ավետիսյանին և Ս.Արամյանին՝ իրեն ուղղված հայհոյանքների համար վրեժխնդիր լինելու շարժառիթով:
Քրեական գործով իրականացվել են մեծածավալ քննչական գործողություններ՝ զինծառայողի ինքնախոստովանական ցուցմունքներն ստուգելու, քրեական գործով ձեռք բերված մյուս ապացույցների հետ համադրելու ուղղությամբ։ Բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննության արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ Դ.Դումիկյանը կրակոցներ է արձակել միայն Գ.Ավետիսյանի ուղղությամբ՝ նախորդ օրն իրեն հայհոյելու, ինչպես նաև համատեղ ծառայության ընթացքում իրեն պարբերաբար ծաղրելու համար։
Բացի այդ, պարզվել է նաև, որ նույն զորամասի մարտկոցի հրամանատար, կապիտան Ռ.Հակոբյանը և մարտկոցի հաշվարկի հրամանատար, պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Ֆ.Հովհաննիսյանը, հանդիսանալով պետ և պաշտոնատար անձ, տեղեկացված լինելով Գ.Ավետիսյանի կողմից Դ.Դումիկյանի պատիվ ու արժանապատվությունը պարբերաբար ստորացնելու բազմաթիվ դեպքերի մասին, դրսևորել են անգործություն, չեն կատարել իրենց վրա օրենքով և զինվորական կանոնադրություններով դրված պարտականությունները, չեն հաշվառել նշված դեպքերը և այդ մասին չեն զեկուցել վերադաս հրամանատարությանը:
Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Դ.Դումիկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Ռ.Հակոբյանին և Ֆ.Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով:
Նկատի ունենալով, որ կատարված նախաքննությամբ մեղադրյալներ Դ.Դումիկյանի, Ֆ.Հովհաննիսյանի և Ռ.Հակոբյանի վերաբերյալ ձեռք բերված ապացույցները բավարար են՝ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկելու համար՝ նրանց վերաբերյալ դրվագը քրեական գործից անջատվել է առանձին վարույթ և հայտարարվել նախաքննության ավարտի մասին։ Գ.Ավետիսյանի սպանության համար 3 մեղադրյալների մասով քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։
Սուրեն Արամյանի սպանության մասով նախաքննությունը շարունակվում է, և իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ զինծառայողի սպանության հանգամանքների վերաբերյալ ձեռք բերված փաստական տվյալների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվող կամ մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով`դատարանի`օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
[b]ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին[/b]
Նմանատիպ նյութեր
2020 դիտում
20:48 08-12-2015
Սահմանապահ զորքերի զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով 4 անձի մեղադրանք է առաջադրվել
2159 դիտում
20:23 03-02-2015
Ա.Բարսամյանի սպանության գործով մեղադրանք է առաջադրվել երեք անձի
Այս բաժնից
973 դիտում
13:09 07-10-2024
Դատավոր Դավիթ Հարությունյանին արգելվեց ներկա գտնվել իր իսկ վերաբերյալ ԲԴԽ-ում քննվող գործին․ փաստաբան
2320 դիտում
12:51 07-10-2024
Երևանում 11 և 12-ամյա երեխաներին առևանգել փորձած տղամարդը կալանավորվել է. ՔԿ–ն տեսանյութ է հրապարակել