Վարչապետը հանձնարարեց ճանապարհների վերականգնման վերաբերյալ առաջարկություն ներկայացնել
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության նիստին հայտնեց, որ տրանսպորտի նախարարն իրեն զեկուցել է միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների ներկա վիճակի մասին:
«Ըստ այդ տեղեկատվության՝ ճանապարհներին առկա են անվտանգությանը խոչընդոտող կառույցներ և անօրինական ճանապարհային նշաններ»,-ասաց նա:
Վարչապետը նախարարին հանձնարարեց ուսումնասիրել բոլոր ճանապարհների փաստացի վիճակը և կառավարություն ներկայացնել ճանապարհների վերականգնման վերաբերյալ առաջարկություն, մարզպետներին հանձնարարեց ներկայացնել ճանապարհների վերականգնման առաջնահերթությունների մասին տեղեկանք, իսկ տարածքային կառավարման և զարգացման նախարարին հանձնարարեց ստուգել ճանապարհների առկա շինությունների օրինականությունը։
Նաև ոստիկանության պետին հանձնարարվեց մեկամսյա ժամկետում ուսումնասիրել միջպետական և հանրապետական ճանապարհների տեղադրված նշանների օրինականությունը և հնարավոր բոլոր խնդիրները վերացնելու վերաբերյալ ներկայացնել առաջարկություն: