211652_close_icon

Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց ներկայացնել առաջարկություն Սերժ Սարգսյանին բնակարանով ապահովելու վերաբերյալ

views-count43770 դիտում article-date 13:33 11-05-2018
Կառավարության նիստում այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին հանձնարարեց մեկամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություն երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին օրենքով սահմանված բնակարանով ապահովելու վերաբերյալ: Այս հարցի վերաբերյալ Արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը զեկուցեց, որ ներկայացրել են «ՀՀ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանին օրենքով սահմանված երաշխիքների տրամադրման մասին ՀՀ որոշման նախագիծը» և առաջարկում են այն ընդունել: «Պետք է նշել, որ Սերժ Սարգսյանը վերջին պաշտոնաթող նախագահն է, ով օգտվում է այդ իրավունքից, որովհետև մենք պաշտոնաթող նախագահների համար նման երաշխիքներ այլևս չենք նախատեսել: Առաջարկում եմ Ձեր հանձնարարականը, որ հարցին անդրադարձ կատարվի մոտ ապագայում»,-ասաց Դավիթ Հարությունյանը: Նա հիշեցրեց, որ 2018 թվականի մարտի 29-ին կառավարությունը որոշում ընդունեց, որով «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի հաշվեկշռում գտնվող որոշակի շինություն՝ իր հողամասով, տրամադրվեց պաշտոնաթող երրորդ նախագահին: Ապրիլի 19-ի նիստում այդ ժամանակ վարչապետ Սերժ Սարգսյանը հանձնարարեց որոշման համապատասխան կետերը ուժը կորցրած ճանաչել՝ առաջարկելով պաշտոնաթող երրորդ նախագահին տրամադրել բնակարան մյուս կառավարության կողմից, երբ ինքն այլևս չղեկավարի կառավարությունը: «Խնդիրը կարծում եմ պարզ է, որ տեղի է ունեցել կառավարական առանձնատներից մեկի սեփականաշնորհում և հետագա իրադարձությունների արդյունքում հիմա անհրաժեշտություն է առաջացել որոշման այդ հատվածը՝ կոնկրետ կառավարական առանձնատան սեփականաշնորհման մասին, չեղյալ հայտարարել ու գտնել այլ լուծում, որը կապահովի օրենքով նախատեսված երաշխիքը: Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին հանձնարարում եմ, որ մեկամսյա ժամկետում ներկայացվի առաջարկություն Սերժ Սարգսյանին օրենքով սահմանված բնակարանով ապահովման երաշխիքների տրամադրման վերաբերյալ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ լուծումները պետք է լինեն համարժեք այն լուծումներին, որոնք կիրառվել են Ռոբերտ Քոչարյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի դեպքում:

Նմանատիպ նյութեր