211652_close_icon
views-count5765 դիտում article-date 23:00 27-03-2017

Երևանում տեղի է ունեցել ռազմահայրենասիրական դաստիարակության և պաշտպանության ոլորտի հասարակական կազմակերպությունների համաժողով. ներկա էին ոլորտի 43 կազմակերպություններ

Այսօր՝ մարտի 27-ին, Երևանում՝ Կոնգրես հյուրանոցի մեծ դահլիճում, տեղի է ունեցել ռազմահայրենասիրական դաստիարակության և պաշտպանության ոլորտի հասարակական կազմակերպությունների համաժողով, որին ներկա էին ոլորտի 43 հասարակական կազմակերպություններ: Համաժողովին հրավիրված էր նաև ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Համաժողովի ընթացքում քննարկվել են ռազմահայրենասիրական դաստիարակության և պաշտպանության ոլորտի խնդիրներին առնչվող հարցեր, անդրադարձ է կատարվել պետական հոգածության կարևոր խնդիրներին և անելիքներին: Համաժողովի ընթացքում ելույթներով հանդես են եկել ռազմահայրենասիրական դաստիարակության և պաշտպանության ոլորտի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Ոլորտում առկա հարցերին և պետական հոգածության խնդիրներին, ինչպես նաև Հայաստանի հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրի անվտանգության ոլորտի դրույթներին մանրամասն կերպով անդրադարձել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Նախարարն իր խոսքում անդրադարձել է ազգային անվտանգության ինչպես առկա, այնպես էլ հնարավոր ռազմաքաղաքական սպառնալիքների, ռիսկերի և մարտահրավերների բացահայտման ու չեզոքացման հարցերին, ընդգծել է բանակի մարտունակության շարունակական բարձրացման ու սպառազինման կարևորությունը: Պաշտպանության նախարարը նաև մանրամասն կերպով ներկայացրել է ՀՀ զինված ուժերի առջև դրված խնդիրները և այդ խնդիրների լուծման ուղղությամբ արված և նախատեսված աշխատանքները: Վիգեն Սարգսյանը նշել է, որ արվում է հնարավորը` բանակը հասարակության մեջ որպես արդարության չափանիշ սահմանելու համար: Կարևորվել են «Ազգ-բանակ» գաղափարախոսության վերաիմաստավորման ուղղությամբ տարվող աշխատանքները: Ավարտին, համաժողովին ներկա հասարակական կազմակերպությունների կողմից ընդունվել է համատեղ հայտարարություն, որը կոչ է անում առաջիկա խորհրդարանական ընտրություններում աջակցել Հայաստանի հանրապետական կուսակցությանը: Ընդունված հայտարարությունը, որին միացել են համաժողովին ներկա բոլոր հասարակական կազմակերպությունները, ներկայացնում ենք ստորև: «Ժամանակակակից ժողովրդավարական համակարգերի հաջողության երաշխիքներից մեկն էլ քաղաքացիական հասարակության կայացման և ներգրավվածության մեջ է: Մենք, որպես քաղաքացիական հասարակության ակտիվ ներկայացուցիչներ մեր անընդհատ ներդրումն ու ջանքերն ենք ունեցել հասարակություն-պետություն երկխոսության ու համագործակցության կայացման համար: Ազգային արժեքների պահպանումն ու տարածումը, պետության և քաղաքացու արժանապատիվ կեցվածքը, ռազմահայրենասիրական դաստիարակության հիմքերի ամրապնդումը մեր անվտանգության և առաջընթացի անբաժանելի մասը պետք է լինեն: Օտարի արժեքային համակարգը դավանող քաղաքացին չի կարող ազգային պետություն կառուցել, հետևաբար մենք հետամուտ ենք լինելու, որպեսզի ապագայում ևս մեր պետական ու հանրային կառույցները գործեն ի շահ պետության պաշտպանունակության և ի նպաստ անվտանգ ու խաղաղ ապագայի: Մենք ունենք արևելյան սահմաններ, որոնք ոտնձգությունների են ենթարկվում և կարիք ունեն անընդհատ ամրապնդվող պաշտպանության: Մենք ունենք առաջնագիծ, որը մեր խաղաղ ու անվտանգ գոյատևման երաշխավորն է: Մենք ունենք զինվոր, որի թիկունքը միշտ պետք է ամուր և ապահով լինի: Պետության նկատմամբ ռազմական ցանկացած ոտնձգության կասեցումը կախված է մեր պաշտպանական ներուժի ճիշտ և նպատակասլաց զարգացումից՝ արհեստավարժության, կարգապահության, կազմակերպվածության, թափանցիկության և վերահսկելիության արդիական չափանիշներին համապատասխան: Մենք հստակ գնահատում ենք տարածաշրջանում եղած ուժերի հավասարակշռությունը և շատ լավ գիտենք ինչպես պատասխանել մեր անվտանգության հանդեպ ոտնձգություններին: Հայաստանի Հանրապետության պաշտպանության և ռազմահայրենասիրական դաստիարակության հարցերում որպես շահագրգիռ կազմակերպություններ մենք կարևորում ենք մի շարք խնդիրներում պետության հոգատար ու հետևողական վերաբերմունքը, մասնավորապես՝ - ժամկետային ծառայության զինվորները մեր երկրի ապագան են, նրանք մեր ապագա նախարարներն ու վարչապետներն են, մեր գիտնականներն ու գործարարները, մեր դեսպաններն ու մարզպետները: Բանակային փորձառություն՝ գումարած որակյալ կրթություն. սա մեր վաղվա հասարակությունն է, որ ձևավորվում է արդեն այսօր: - Ազգի մտավոր և պաշտոնական վերնախավի մաս կազմելը պետք է լինի բանակում ծառայություն անցած մեր ամենաառաջադեմ և կիրթ պատանիների ցանկությունը: - Բանակը միաժամանակ կարող է դառնալ տնտեսության խթանիչ ուժը, տեխնոլոգիական առաջընթացի շարժիչ քարշակը: - Բանակը պետք է դառնա արդարության չափանիշ մեր հասարակության մեջ։ Պատշաճ ուշադրության և հոգատարության պետք է արժանանան Հայրենիքի պաշտպանության համար զոհված զինծառայողների ընտանիքները: - Եվ ամենակարևորը. կոռուպցիան հիմնովին արմատախիլ պետք է անել զինված ուժերից, և բանակի անձնակազմը պետք է ձերբազատվի առօրյա սոցիալական խնդիրներից: Մենք համաժողովի մասնակից կազմակերպություններս,  Բարձր գնահատելով մեր Երկրի Նախագահի և Հայաստանի Հանրապետական Կուսակցության գործունեությունը, իրատեսական և գործնական մոտեցումները պետության անվտանգության ապահովման և պաշտպանության կազմակերպման գործում,  կարևորելով ՀՀ նոր սահմանադրությամբ խորհրդարանի ստանձնած լիազորությունները, ինչպես նաև նրա պատասխանատու ու որոշիչ դերակատարությունը մեր երկրի հանրային –պետական կյանքում,  ընդգծելով հանրապետական կուսակցության ցուցակներով առաջին հորիզոնականով անցնող պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի կողմից առաջ քաշած «Ազգ-բանակ» գաղափարախոսության վերաիմաստավորումը, ինչպես նաև ռազմահայրենասիրական դաստիարակության և պաշտպանության հարցերում մեր մասնագիտական ու քաղաքացիական ջանքերը ներդնելու պատրաստակամությունը՝ կոչ ենք անում առաջիկա խորհրդարանական ընտրություններում առաջնորդվել «Անվտանգություն և առաջընթաց» կարգախոսով ու քվեարկել Հայաստանի Հանրապետական Կուսակցության և նրա թեկնածուների օգտին»: Հայտարարությանը միացել են համաժողովին ներկա 43 հասարակական կազմակերպությունները:

Նմանատիպ նյութեր