211652_close_icon
views-count973 դիտում article-date 20:04 14-04-2023

Ադրբեջանից, Նախիջևանից և Արցախից փախստականների հարցերով զբաղվող մի շարք հասարակական կազմակերպություններ համաժողով են կազմակերպում

Ադրբեջանահայ փախստականների կողմից ստեղծված և փախստականների շահերին հետամուտ այլ ՀԿ-ների կողմից ընտրված  Կազմկոմիտեն հայտարարություն է տարածել․

«Սույն հայտարարությամբ տեղեկացնում ենք, որ Ադրբեջանից, Նախիջևանից և Արցախից 1988-1992թթ. և 2020թ. ադրբեջանական իշխանությունների ռասիստական, հայատյաց, ցեղասպանական գործողությունների հետևանքով փախած, բռնի տեղահանված, ռազմական հանցագործ գործողությունների պատճառով հայրենիքը լքած, ներկայումս Հայաստանի Հանրապետությունում և այլուր ապրող փախստականների հարցերով զբաղվող մի շարք հասարակական կազմակերպություններ ապրիլի 29-ին` ժամը 12:00-ին, Երևանում` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում, կազմակերպում են «Ադրբեջանական ագրեսիայի հին և նոր փախստականները. անցյալը, ներկան, ապագան» թեմայով համաժողով:
Համաժողովի ընթացքում քննարկվելու են Ադրբեջանի կողմից երկրի հայ քաղաքացիների նկատմամբ իրականացված հանցագործությունների՝ Սումգայիթի, Բաքվի հայկական ջարդերի, Շահումյանի շրջանի հայ բնակչության դեպորտացիայի, բռնի տեղահանման և էթնիկ զտումների գործնական քաղականության նկատմամբ միջազգային քաղաքական գնահատականի, դատա-իրավական գործողությունների բացակայության, ինչպես նաև փախստականների իրավունքների վերականգնման, այդ թվում՝ վերադարձի իրավունքի հարցերը: 

Համաժողովում քննարկվելու և հասցեագրվելու են նաև Ադրբեջանից, Արցախից և
Նախիջևանից փախստականների իրավունքների, փախստականության պահի գույքային և այլ կորուստների, կորցրած փաստաթղթերի, այդ տարածքում իրականացված և իրականացվող մշակութային ցեղասպանության խնդիրները:

Հասարակական կազմակերպությունները, մտահոգված լինելով փախստականության
տարբեր շերտերի բազմաբնույթ հարցերով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սահմանային գոտում հայտնված փախստականներին և Արցախում ապրող բնակչությանն սպառնացող գոյաբանական վտանգներով, նպատակ են դրել համաժողովի միջոցով նպաստել խնդիրների բաց, հրապարակային քննարկմանը և մեկ ընդհանուր հարթակում տարբեր վայրերում բնակվող փախստականների հանդիպմանը, երկխոսությանը և համաձայնեցված առաջարկներ անելուն:

Ադրբեջանից, Արցախից և Նախիջևանից բոլոր փախստականներին հրավիրում ենք
մասնակցել համաժողովին:

Անհրաժեշտության դեպքում ցանկացողները կարող են նաև մինչև ապրիլի 25-ը ներառյալ նախապես գրել  [email protected]   էլ.հասցեին, կամ զանգել կազմկոմիտեի անդամների՝ ստորև ներկայացված հեռախոսահամարներին, որպեսզի կազմկոմիտեն կարողանա կազմակերպել նրանց մասնակցությունը (օգնել տրանսպորտով):
Կազմկոմիտեն ներկայացնում են հետևյալ հասարակական կազմակերպությունների
ներկայացուցիչները՝
Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյան, 093 43 87 56
«Փախստականները և միջազգային իրավունքը»  քաղաքացիական հասարակության ցանցի համակարգող Էլեոնորա Ասատրյան, 091 41 95 93
«Ա.Դ. Սախարովի անվան «Մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» ՀԿ տնօրեն Մերի Խաչատրյան, 093 98 55 49
«Դիզակ ԱՐՏ» Մշակութային ՀԿ նախագահ Լիաննա Պետրոսյան, 098 89 93 33»։

 

Նմանատիպ նյութեր