Խոշոր ավտովթար Ոստիկանության ակադեմիայի դիմաց. Mercedes-ը բախվել է Niva-ին. Niva-ն կողաշրջվել է. Mercedes-ն էլ հայտնվել է ոչ երթևեկելի գոտում. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        Այսօր՝ մարտի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:10-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ Ոստիկանության ակադեմիայի հարևանությամբ, Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի բնակիչ, 36-ամյա Սեյրան Մովսիսյանը իր վարած Mercedes մակնիշի 77 ՕR 777 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Երևան քաղաքի Բագրատունյանց 1-ին նրբանցքի բնակիչ 24-ամյա Արթուր Կակոսյանի վարած ВАЗ 2121 մակնիշի 35 FՍ 609 համարանիշի ավտոմեքենային: 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն:
Բախման հետևանքով Niva-ն  կողաշրջվել է, իսկ Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի  գոտուց և հայտնվել խոտածածկ տարածքում; 
Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  1-ին սպայական գումարտակի  ծառայողներն  ու ապահովագրական  ըններության ներկայացուցիչը:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել  է ավագ հետաքննիչ Անդրանիկ Իսախանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ  վարորդները ենթարկվել են բժշկական փորձաքննության, պարզվել է, որ նրանք եղել են սթափ վիճակում: 
Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ Niva-ին վարորդ  Ա. Կակոսյանը ավտոմեքենան կայանած է թողել, քանի որ ավտոմեքենայի վառելիքն է վերջացել և ըստ կարգի՝ միացրել է վթարային լուսարձակները և գնացել է, որպեսզի բենզին բերի՝ ավտոմեքենան լիցքավորելու համար ու այդ ժամանակ Mercedes-ը բախվել է Niva-ի հետնամասին,  Niva-ն կողաշրջվել է: 
Մինչ ճանապարհային ոստիկանների  դեպքի վայր  ժամանումը, Mercedes-ի վրայից  հանել էին համարանիշները, սակայն ՃՈ աշխատակիցները հայտնաբերեցին այն: 
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Mercedes-ի վարորդը  «Գլորիա» տաքսի ծառայության սեփականատերերից է, իսկ Niva-ի վարորդը աշխատում է «Ինտերլոտո» ՍՊԸ-ում՝ որպես համակարգչային օպերատոր:
Ավագ հետաքննիչ Ա. Իսախանյանի հանձնարարականով մեքենաները տեղափոխվեցին Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
                                            
                    
                                            
                        
            


