2084 դիտում
18:50 11-03-2017
Մայր Աթոռ Ս. Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով
Մարտի 7-9-ը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով ընդլայնված կազմով:
Ժողովը բացվեց Տերունական աղոթքով և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության ու գնահատանքի խոսքով Գերագույն հոգևոր խորհրդի անդամներին:
Ժողովի նիստերն ատենապետեցին Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը և ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը:
Ժողովի օրակարգում ընդգրկված էին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու կանոնական, թեմական ու համայնքային բազմաբնույթ հարցեր:
Ժողովի սկզբում Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձ կատարեց Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության կյանքում պատրիարքական ընտրությունների կազմակերպման գործընթացի շուրջ վերջին շրջանում տեղ գտած իրադարձություններին։ Նորին Սրբությունը ԳՀԽ անդամներին տեղեկացրեց փետրվարի 23-24-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում տեղի ունեցած հանդիպումների մասին և անհրաժեշտ լուսաբանություններ տվեց ստեղծված իրավիճակի ու դրա հանգուցալուծմանն ուղղված երկօրյա քննարկումների ընթացքում առնված որոշումների վերաբերյալ։
Առաջին օրը ԳՀԽ անդամներին Հայոց Եկեղեցու գործառնությունների բարելավման ծրագրի ընթացքի վերաբերյալ զեկույց ներկայացրեց «Դավիդյան» հիմնադրամի նախագահ և բարեգործ Ասո Դավիդյանը։ Տեղեկացվեց, որ առաջիկա ամիսներին «ՄըքՔինզի ընդ Քոմփանի» խորհրդատվական ընկերության ներկայացուցիչների մասնակցությամբ կսկսեն անցկացվել ծրագրի իրականացման համար անհրաժեշտ հարցազրույցները, ներկայացվեց նաև հարցազրույցների համար եկեղեցական ու աշխարհական թեկնածուների ընտրության կարգը և հարցաշարի բովանդակությունը։
Ներկայացված արդյունքների քննարկումից հետո Վեհափառ Հայրապետը Գերագույն հոգևոր խորհրդի անունից գնահատանք հայտնեց տիար Ասո Դավիդյանին և ծրագրի Գործադիր ու խորհրդատվական մարմինների անդամներին կատարված աշխատանքի համար։
Նիստին Գերագույն հոգևոր խորհուրդը քննարկեց Ազգային-եկեղեցական ժողովի՝ 1945 թվականին գործադրության մեջ դրված կանոնադրության լրամշակված նախագիծը՝ պատրաստված Կանոնադրությունների մշակման հանձնախմբի կողմից։ Նախագծի հետ առնչված անհրաժեշտ լուսաբանություններ տվեցին հանձնախմբի անդամներ Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը և իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը։
Փաստաթղթերի քննությունից հետո ԳՀԽ անդամները գոհունակությամբ ողջունեցին իրականացված աշխատանքը և թելադրեցին ավարտին հասցնել գործընթացը՝ հունիս ամսին գումարվելիք Եկեղեցական-ներկայացուցչական ժողովին նախագիծը քննարկման դնելու համար։
Հանձնախմբի կողմից ժողովին ներկայացվեց նաև Գերագույն հոգևոր խորհրդի կանոնադրության նախագիծը, որն անհրաժեշտ դիտողություններից և առաջարկներից հետո վերադարձվեց լրամշակման։
Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի գործունեության մասին զեկույց ներկայացրեց գրասենյակի տնօրեն, Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։ Քննարկելով արձանագրված արդյունքները՝ ժողովականները, գնահատանք հայտնելով կատարված աշխատանքի համար, իրենց դիտարկումները ներկայացրեցին գրասենյակի հետագա գործունեության առնչությամբ։
Ժողովի վերջին նիստին Հայ Եկեղեցու Համաշխարհային երիտասարդական միավորման գործունեության վերաբերյալ հանգամանալի զեկույց ներկայացրեց միավորման նախագահ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը։
Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակության եկեղեցական համայնքների մասին զեկույցով հանդես եկավ հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը։
Առանձին քննության առնվեցին Բելգիայի, Հոլանդիայի, Իտալիայի և Իսպանիայի համայնքային կյանքին առնչվող հարցեր։ Այս առնչությամբ հաշվետվություններ ներկայացրեցին նաև Բելգիայում Հայրապետական պատվիրակի փոխանորդ Հոգեշնորհ Տ. Զատիկ վարդապետ Ավետիքյանը և Հոլանդիայում Հայրապետական պատվիրակի փոխանորդ Հոգեշնորհ Տ. Արեն վարդապետ Շահինյանը։
Գերագույն հոգևոր խորհուրդն իր գնահատանքը հայտնեց Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակին ծխական համայնքների հաստատման ուղղությամբ տարված աշխատանքների համար և թելադրեց շարունակել ջանքեր գործադրել եկեղեցական համայնքների կանոնական հիմերի զորացման ուղղությամբ։
Ժողովի ընթացքում ներկայացվեցին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի ու թեմերի 2016 թ. գործունեության տեղեկագիրը և ֆինանսական հաշվետու զեկույցը:
Ըստ այդմ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եկեղեցականության թիվը 753 է, որոնցից 52-ը` արքեպիսկոպոս և եպիսկոպոս, 51-ը` ծայրագույն վարդապետ և վարդապետ, 35-ը՝ աբեղա, 480-ը՝ քահանա, 138-ը՝ սարկավագ:
2016 թ. Մայր Աթոռի բաժիններում աշխատել են 930 անձ, Հայաստանի թեմերում և Արցախում՝ 1193, Սփյուռքի թեմերում և Հայրապետական պատվիրակություններում՝ 4005:
Մայր Աթոռի հոգևոր, կրթական հաստատություններում ընդհանուր թվով ուսանել է 283 սան, որից` 100-ը՝ Գևորգյան հոգևոր ճեմարանում, 79-ը՝ Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում, 34-ը՝ Հառիճավանքի Թրբանճյան ընծայարանում, 25-ը՝ Քահանայից պատրաստման եռամյա լսարանում, 45-ը՝ Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանում և Դավթյան Օրիորդաց վարժարանում: «Էօրնեկեան» հանրակրթական դպրոցի 25 դասարաններում ուսանել է 383 սան, Գևորգ Էմինի անվան դպրոցում՝ 270 աշակերտ: «Էօրնեկեան» մանկապարտեզ հաճախել է 45 մանուկ:
Անցյալ տարում Մայր Աթոռը շարունակել է քարոզչական ընդգրկուն գործունեություն իրականացնել ազգային կյանքի տարբեր ոլորտներում՝ հանրակրթության ոլորտում, երիտասարդության շրջանում, հայորդյաց տներում, ՀՀ Զինված ուժերում և քրեակատարողական հիմնարկներում։
ՀՀ Զինված ուժերում իրենց ծառայությունն են բերել թվով 51 հոգևոր սպասավոր: ՀՀ Քրեակատարողական 12 հիմնարկներում իրենց հոգևոր սպասավորությունն են բերել 11 եկեղեցական:
2016 թ. շարունակել են գործել 8 հայորդյաց տները (Էջմիածին, Աշտարակ, Գյումրի, Վանաձոր, Երևանում` Նորք, Մալաթիա, Արաբկիր և Մանրանկարչության արվեստի կենտրոն), որտեղ հաճախել է 3067 երեխա: Տարվա ընթացքում հայորդյաց տների կողմից իրականացվել է 266 բազմաբնույթ միջոցառում:
Հաշվետու տարում արդյունավոր են եղել նաև եկեղեցաշինական աշխատանքները: Հայ Եկեղեցու աշխարհասփյուռ թեմերում նախորդ տարում օծվել է թվով 22 եկեղեցի: Մայր Աթոռի ճարտարապետաշինարարական բաժնի կողմից անցնող տարում ավարտին են հասցվել 7-ը, իսկ ընթացքի մեջ են 18 շինարարական աշխատանքներ:
2016 թ. Մայր Աթոռի կողմից մեծ ծավալի հոգևոր-սոցիալական խնամատարություն է իրականացվել:
2016 թ. ապրիլյան պատերազմից հետո Ամենյան Հայոց Կաթողիկոսի հրավերով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գլխավորությամբ և թեմերի մասնակցությամբ կազմակերպված հանգանակությունների արդյունքում մեկ միլիոն ԱՄՆ դոլար գումար է փոխանցվել Արցախի Հանրապետության կառավարության հատուկ հաշվեհամարին` ի զորակցություն արցախահայության:
Ընդառաջ Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի դիմումին, Մայր Աթոռ Ս. Էջմիածինը, Տիրոջ Ս. Գերեզմանի նորոգության համար իր ընթացիկ բյուջեից կատարել է մեկ միլիոն ԱՄՆ դոլարի փոխանցում Պատրիարքարանին։
2016 թվականին իրենց գործունեությունն են շարունակել Մալաթիայի, Արաբկիրի, Նորքի, Էջմիածնի, Վանաձորի բարեգործական ճաշարանները, որտեղ օրական սնունդ է ստացել ընդհանուր թվով 1000 անձ:
«Նագգաշյան Մանուկների Տուն» երեխաների աջակցության կենտրոնում խնամք են ստանում 17 դեռահաս և 4 մանկահասակ աղջիկներ:
2016 թվականին «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի կողմից անհրաժեշտ բժշկական օգնություն է ցուցաբերվել հիվանդներին, բժշկախորհրդատվական օգնություն ցուցաբերելու նպատակով կազմակերպվել է բուժկենտրոնի մասնագետներից կազմված արտագնա բժշկական խումբ, որն այցելել է ՀՀ մարզեր և Արցախ:
Հաշվետու տարում նյութական և դրամական աջակցություն է ցուցաբերվել Հայաստանի անապահով ընտանիքներին, նաև` ապրիլյան պատերազմի ընթացքում զոհված և վիրավորում ստացած զինծառայողներին, սահմանապահ զինվորների ընտանիքներին, ծնողազուրկ երեխաների և Հայաստանում հաստատված սիրիահայերին:
Մայր Աթոռ Ս. Էջմիածինը տարբեր ծրագրերի միջոցով ութ հարյուր քսան միլիոն ՀՀ դրամի չափով աջակցություն է ցուցաբերել։
Թեմերի կողմից ևս 2016 թվականին իրականացվել են հոգևոր-քարոզչական, սոցիալական, կրթամշակութային բազմաբնույթ ծրագրեր:
Գերագույն հոգևոր խորհուրդը գնահատանքով ողջունեց Հայոց Եկեղեցու լայնածավալ գործունեությունը ներկայացնող զեկույցը։
Ժողովն ավարտվեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով և «Պահպանիչ» աղոթքով:
Նմանատիպ նյութեր
1696 դիտում
22:20 21-06-2019
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1072 դիտում
17:31 23-06-2014
Գերագույն հոգևոր խորհրդի ժողով` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Այս բաժնից
832 դիտում
19:40 04-11-2024
Կենսունակությունը կորցրած ծառերը փոխարինվել են առավել արժեքավոր և երկարակյաց ծառերով
589 դիտում
19:27 04-11-2024
Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը նվաճած մեդալներով հայրենիք կվերադառնա վաղը
568 դիտում
19:03 04-11-2024
Առողջապահության նախարարի տեղակալն ընդունել է Վիեննի քաղաքապետի գլխավորած պատվիրակությանը