211652_close_icon
views-count2281 դիտում article-date 17:59 11-03-2017

ՌԴ-ում տնտեսական անկումը բացասաբար կազդեր Հայաստանի վրա, եթե չլինեինք ԵԱՏՄ անդամ. Վաչե Գաբրիելյան

2015-2016թթ. հեշտ տարիներ չէին: Եվ հասարակության մեջ բանավեճ ծավալվեց՝ տնտեսական վիճակը նախորդ տարիների իներցիայի արդյո՞ւնք էր, թե՞ ԵԱՏՄ անդամակցության հետևանք: Այս մասին այսօր Երևանում ընթացող «Վալդայ» միջազգային բանավեճի ակումբի արտագնա նիստում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը: «Մենք վերլուծություններ անցկացրինք, եկանք այն եզրահանգման, որ տնտեսական զարգացումները, որոնք կատարվում էին ՌԴ-ում 2015-2016թթ.-ին, վատ ազդեցություն կունենային Հայաստանի վրա, եթե մենք չլինեինք ԵԱՏՄ անդամ»,- ասաց Վաչե Գաբրիելյանը: Փոխվարչապետը նկատեց, որ 2015թ.-ին մեծ հարված հասցվեց ՀՀ տնտեսությանը, որովհետև Ռուսաստանից տրանսֆերտների հոսքը նվազեց: Սա առաջացրեց մեծ խնդիրներ, սկսեցին ավելի քիչ գումար վատնել, ավելի քիչ առևտուր անել: Նա հիշեցրեց նաև, նույն տարում արժեզրկվեց ռուսական ռուբլին, և մարդիկ անորոշության մեջ հայտնվեցին: «Խնդիրները, որոնք առաջացան ռուբլու արժեզրկումից, մենք մինչ օրս զգում ենք: Եթե վերցնենք օրինակ` մեր առևտրի հիմնական գիծը՝ էներգակիրները, մենք դրանք գնում ենք դոլարով: Հարցը հիմա, գիտեք, բավական սուր է դրված Բելառուսի ու ՌԴ միջև: Այս հարցը նման սուր ձևով չէր կանգնի, եթե 2015թ.-ին ռուբլին չարժեզրկվեր: Հայաստանում գազի գինը նվազեց, մեզ համար գազի գինը ավելի էժան է, քան այն պետությունների համար, որոնք ԵԱՏՄ անդամ չեն ու ԵԱՏՄ օգուտները ակնհայտ են, որովհետև ԵԱՏՄ ոչ անդամները չունեն նման գնով գազ գնելու հնարավորություն»,- մանրամասնեց Վաչե Գաբրիելյանը և կարծիք հայտնեց, որ առաջիկա 2-3 տարվա ընթացքում Հայաստանը կվերականգնի արտահանման այն ծավալները, որոնք ունեինք 2 տարի առաջ»:

Նմանատիպ նյութեր